Նենգ հնարքների է դիմում գործող, հոգեվարքի մեջ գտնվող իշխանությունը․ ԱԱԾ պահեստազորի սպաներ

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը տարածել է հայտարարություն․ «Ասեկոսեն լուրի տեսակ է, որի  աղբյուրը թեև  անհայտ է, չստուգված, սակայն տարածում գտնելու համար բավականաչափ հետաքրքիր է որպես տեղեկատվություն։ Ժողովուրդն անվրեպ է նկատել, որ այն ձայնից արագ է տարածվում՝ ունենալով ներազդման անհամեմատ մեծ էֆեկտիվություն։  Պատահական չէ, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կեղծ տեղեկությունների տարածման համար տեղում գնդակահարում էին։

Սա՝ ի միջի այլոց։

​Հայաստանի Հանրապետությունն  արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին է՝  լուրերի տարածման խիստ լայն ֆրոնտով։ Հատկապես ջանում են գյուղական համայնքների որոշ աշխատակիցներ, որոնք վարչակազմի ցուցումով  օրվա հացի խնդիր ունեցող գյուղացիների միջոցով ու շրջանում լուրեր են տարածում, թե ընդդիմությունը գնելու է ընտրողների ձայները։ Ընդ որում շրջանառության մեջ է դրված ընտրակաշառքի բավական պատկատելի թվային արտահայտություն՝ 50-100 ԱՄՆ դոլար։

44-օրյա պատերազմում օրացուցային յուրաքանչյուր օրվա կտրվածքով երկրի բնակչությանը կանոնավորապես սուտ լուրերով կերակրած օրվա իշխանությունների հաշվարկն ավելի քան պարզ է՝ մինչև վերջին վայրկյանն ընտրողին պահել ընտրակաշառք ստանալու կեղծ սպասումի մեջ ու այդպես էլ, գումարը չստանալու պատճառով, վրեժխնդիր լինել ընդդիմությունից՝ ձայները տալով գործող վարչակազմին։

Ժողովրդական  մեկ այլ ճշմարտություն ասում է, որ խեղդվողը ձեռքը փրփուրներին է գցում։ Չտեսնելով վերարտադրման այլ հնար՝ ահա այդպիսի էժանագին և նենգ հնարքների է դիմում գործող, հոգեվարքի մեջ գտնվող իշխանությունը»,- նշված է հայտարարությունում։