Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքը ԿԸՀ ներկայացրեց իր ընտրական ցուցակը՝ 153 թեկնածուով

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներ Արամ Վարդևանյանը և Ռոբերտ Հայրապետյանը քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեցին դաշինքի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը։

Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ցուցակում ընդգրկված է 153 թեկնածու. «Արհեստավարժ, հայրենասեր մարդկանց թիմ է հավաքվել, որոնցով իսկապես կարելի է հպարտանալ: Մրցունակության տեսանկյունից ճգնաժամային ներկա պայմաններում կառավարչական անհրաժեշտ փորձը, գիտելիքներն ունեցող թիմակիցներ ունենք: ԿԸՀ-ում «Հայաստան» դաշինքի լիազոր ներկայացուցիչները լինելու ենք ես, Վահագն Մատինյանը և Նարեկ Վարդանյանը: մենք եկել ենք ներկայացնելու ամբողջ ցուցակը: Շատ կարճ ժամանակ անց այն հրապարակվելու է ԿԸՀ-ի կողմից: Զինվեք համբերությամբ»,- ասաց նա:

Վարդևանյանը հայտարարեց, որ իշխանությունը ներկայացնող քաղաքական ուժի հետ բացառվում է որևէ տեսակի համագործակցություն. «Դա ողջամիրտ և տրամաբանական արձագնք է, հատկապես հաշվի առնելով, թե ինչ ենք տեսնում վերջին երեք տարիներին և հատկապես ինչ եքն տեսնում 2020-ի նոյեմբերի 9-ից հետո»:

Նա նկատեց, որ սոցհարցումների արդյունքները վկայում են, որ ներկայիս իշխանության վարկանիշը ընկնում է, իսկ «Հայաստան» դաշինքի վարկանիշը կտրուկ աճում է. «Ուզում եմ ընդգծել, որ մենք դեռ չենք սկսել լիարժեք քարոզարշավ: Իհարկե, ԸՕ-ն թույլ է տալիս ընտրությունների նշանակման պահից սկսած քարոզարշավին ուղղված գործողությունների կատարում, շտաբների ձևավորում, որը մեր կողմից կատարվում է: Բայց բուն քարոզարշավը դեռ չի սկսել ու մենք ունենք նման պատկեր, որ իշխանության վարկանիշն ընկնում է, «Հայաստան» դաշինքինը՝ բարձրանում»,-ասաց նա:

Հարցին, թե որ ուժերի հետ է հնարավոր համագործակցություն արդեն խորհրդարանում, Վարևանյանը հստակ պատասխան չտվեց՝ նշելով, որ դա հընթացս կերևա, զարգացումները ցույց կտան: