Սոթքի «Զոդ ուինդ» ընկերությունը դատի է տվել Կառավարությանը. պահանջում է 5 միլիոն դոլար

Սոթքում գործունեություն ծավալող «Զոդ ուինդ» ընկերությունը դատի է տվել ՀՀ կառավարությանը՝ ադրբեջանցիների ներխուժումից բիզնեսը չպաշտպանելու համար: Ընկերությունը պահանջում է բիզնեսին պատճառված 5 միլիոն դոլար վնասի փոխհատուցում: Այս մասին թելեգրամյան իր էջում գրել է էներգետիկ անվտանգության փորձագետ, «Մեկ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Վահե Դավթյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

ՄԻՊ-ի  համաձայն՝ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո ադրբեջանական զինված ուժերը պատերազմի սպառնալիքով  ներխուժել են Գեղարքունիքի մարզի Գեղամար համայնքի Սոթք գյուղի տարածք:

Արդյունքում ընկերությունը զրկվել է իրեն մինչեւ 2048 թ. տրամադրված հողատարածքում գործունեություն ծավալելու հնարավերությունից՝ կրելով մոտ 5 մլն ԱՄՆ դոլարի վնաս:

200 հա հողատարածքից 75 հա-ի վրա ընկերությունն արդեն կառուցել է 2 հողմակ, եւ բիզնես-պլանի համաձայն՝ նախատեսում էր կառուցել եւս 23 հողմակ:

Այսպիսով, Հայաստանը ներդրողների համար դարձել է ռիսկային գոտի: Ու այս խայտառակ վիճակում իրեն իշխանություն հայտարարած խմբակը դեռ խոսում է տնտեսական նոր հավակնությունների,  օտարերկրյա ներդրումների ներգրավման մասին: