«Արդար Հայաստանը» ԿԸՀ ներկայացրեց իր ցուցակը. Ընդգրկված է 85 թեկնածու. Ցուցակը գլխավորում է Նորայր Նորիկյանը

«Արդար Հայաստան» կուսակցությունը ԿԸՀ ներկայացրեց իր նախընտրական ցուցակը: Կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ Նորայր նորիկյանը, իսկ ցուցակում ընդգրկված է 85 թեկնածու:

«Վստահաբար հայտնի անուններ կտեսնեք ցուցակի մեջ: Ցուցակն իհարկե, ներգրավվել են մարդիկ, որոնք դասախոսներ են, գիտությունների թեկնածուներ, պրոֆեսորներ, լեզվաբաններ, մանկավարժներ, դիվանագետներ, քաղաքագետներ:

Մեր շանսերն ուղիղ համեմատական են ժողովրդի գիտակցությանը: Շանսերը գնահատում ենք շատ բարձր, մարտական ենք տրմադրված, վճռական ենք: Մենք այն ուժն ենք, որ ի զորու ենք մեր գիտելիքներով, փորձով, պրոֆեսիոնալիզմով պետական շահ ասվածը կարևորել, ժողովրդի խնդիրներին լուծում տալ»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք ընտրություններից հետո որևէ ուժի հետ հնարավոր է կոալիցիա կազմել, «Արդար Հայաստանի» ներկայացուցիչը պատասխանեց. «Քաղաքականության մեջ ոչ մի բան չի բացառվում, բայց մենք մինչև այս պահը որևէ ալյանս, որևէ դաշինք չենք ունեցել, չենք կազմել, մասնակցելու ենք առանձին: Մենք վստահաբար ասում ենք, որ ոչ մի դաշինքի հետ ոչ մի համագործակցության մեջ չենք մտնում»: