Նախարար Զարիֆը և ռազմավարական անվտանգությանը նվիրված խորհրդատվությունները Մոսկվայում

Դժվար, նույնիսկ անտանելի է ապրել մի երկրում, որը «դանդաղ» գրավում են, օկուպացնում, որը նվաստացրել են սեփական բնակիչները, ովքեր իրենց անվանում են «կառավարություն»: Եվ հասկանալի է, որ անկախությունն ու ինքնիշխանությունը կորցնող Հայաստանում դժվար է աշխատել հանուն ապագայի. ներկայի նվաստացած վիճակն անիմաստ է դարձնում ապագայի վերաբերյալ որևէ հիմնավորում կամ պլանավորում, քանի որ նախ՝ անհրաժեշտ է դադարեցնել և հետ շրջել օկուպացիան:

Բայց 2018 թվականից ի վեր մենք բազմիցս նախազգուշացրել ենք Հայաստանի քաղաքացիներին, որ աշխարհը կանգ չի առնի և չի սպասի «հայերի խելքի գալուն և իմաստանալուն»: Ուստի Հայաստանին խիստ անհրաժեշտ են ռազմավարական պլանավորման և ռազմավարական հետազոտությունների ազգային կենտրոններ, որոնք երբեք օտարերկրյա «պատվերներ» չեն կատարի: Եվ ահա Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ժամանում է Բաքու և Երևան: Այս այցը ոչ միայն այն նպատակով է, որպեսզի, ինչպես ավելի վաղ հաղորդվել էր Թեհրանից, իրանական օգնություն ցուցաբերվի Սյունիքում Հայաստանի և կովկասյան թաթարների միջև «սահմանային միջադեպը» լուծելու գործում: Իրանի ԱԳՆ մամուլի ծառայությունը չի բացահայտում պարոն Զարիֆի անդրկովկասյան հերթական այցելությունների մանրամասները:

Սակայն մենք առաջարկում ենք չմտածել, թե ինչ է բերելու Իրանի արտգործնախարարը Անդրկովկաս: Մենք արդեն գրել ենք, թե ինչ է Իրանը ցանկանում՝ ներկայացնելով Իրանի Մաժլեսի (խորհրդարանի) ազգային անվտանգության, պաշտպանության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ, դոկտոր Մոջթաբա Զոլնուրիի մայիսի 16-ին արված հայտարարությունները ամբողջ աշխարհի, այլ ոչ միայն հայերի և կովկասյան թաթարների վերաբերյալ: Սա  ռազմավարական գիծն է, որը որոշվել է անձամբ Իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդ Այաթոլլահ Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեիի կողմից: Եվ լավ կլիներ, որ այս պարզ ճշմարտությունը հասկանային և գիտակցեին և Երևանում, և Բաքվում, ինչպես նաև Անկարայում և Մոսկվայում:

Այսօր մենք կհայտարարենք կառավարման համաշխարհային կարգի վերակազմավորման երկրորդ փուլի մեկնարկի մասին: Ճիշտ այդպես՝ Աշխարհակարգի: Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունը պաշտոնապես հայտարարեց. «Մայիսի 25-ին Մոսկվայում տեղի կունենա ռազմավարական անվտանգության հարցերի վերաբերյալ ռուսչինական խորհրդակցությունների 16-րդ ռաունդը»: ՌԴ և ՉԺՀ մի շարք նախարարությունների և գերատեսչությունների մասնակցությամբ խորհրդակցությունները կանցկացնեն ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը և Չինաստանի Կոմկուսի ԿԿ արտաքին գործերի հանձնաժողովի գրասենյակի ղեկավար, Քաղբյուրոյի անդամ Յան Ձեչին: Չինաստանը (չենք բացառում, որ Իրանի «խնդրանքով» կամ «առաջարկությամբ») առաջարկում և պնդում է, որ Ռուսաստանը ռազմավարական համաձայնագիր կնքի Չինաստանի հետ 25 տարի ժամկետով: Այս տարվա սկզբին մենք հայտնել էինք, որ նման ռազմավարական համաձայնագիր է ստորագրվել Չինաստանի և Իրանի միջև, և այս փաստաթուղթն արդեն ուժի մեջ է մտել: Համաշխարհային կարգի վերակազմակերպման երրորդ փուլը կլինի, երբ Իրանի և Ռուսաստանի միջև ստորագրվի նույն բովանդակության ռազմավարական համաձայնագիրը: Այս երկու փուլերից հետո է, որ կհայտարարվի նոր ռազմավարական կենտրոնի`« Եվրասիական եռանկյունու» ձևավորման մասին:

Մայիսի 23-ին Սաուդյան Արաբիայի պաշտոնատար անձանց հետ խոսելով ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM, պատասխանատվության ոլորտը ներառում է Մերձավոր Արևելքը) գեներալ Քեննեթ Մաքքենզին, ինչպես հաղորդում է Associated Press-ը (AP), նշել է, որ Չինաստանը և Ռուսաստանը պատրաստ են Մերձավոր Արևելքից վտարել Միացյալ Նահանգներին. «Մերձավոր Արևելքը մեծ տերությունների միջև ուժեղ մրցակցության տարածք է: Եվ ես կարծում եմ, որ տարածաշրջանում մեր դիրքերի հստակեցմանը Ռուսաստանը և Չինաստանը շատ ուշադիր կհետևեն, և այն դեպքում եթե տարածաշրջանում ռազմական ներկայության վակուում է բացվելու, ապա նրանք կարող են լրացնել այդ բացը: Կարծում եմ, որ նրանք տեսնում են՝ ԱՄՆ-ը փոխում է իր դիրքերը և մտածում են, թե հնարավորություններ կստեղծվեն Մերձավոր Արևելքում»: Նա նույնիսկ մի փոքր բացեց փակագծերը. ըստ պաշտոնյայի՝ Ռուսաստանը փորձում է ՀՕՊ / ՀՀՊ համակարգեր և այլ զենքեր վաճառել «բոլորին, ովքեր կարող են վճարել դրանց համար», իսկ Չինաստանը երկարաժամկետ նպատակ ունի՝ ընդլայնել իր տնտեսական իշխանությունը և, ի վերջո, ռազմական բազաներ ստեղծել տարածաշրջանում»:

Այնպես որ, նույնիսկ ԱՄՆ-ն է տեսնում, որ Չինաստանը և Ռուսաստանը արտաքին քաղաքականության մեջ (իսկ Անդրկովկասը նաև Մերձավոր Արևելք է, սա Առաջավոր Ասիայի հյուսիսային ծայրն է…) Մերձավոր Արևելքում երկարաժամկետ (ռազմավարական) նպատակներ ունի: Ավելորդ է ասել, թե ում օգնությամբ են Չինաստանը և Ռուսաստանը «տիրապետելու» Մերձավոր Արևելքին։ Անշուշտ՝ Իրանի, որը, օգտագործելով ԱՄՆ-ի և Իսրայելի սխալները, էապես ամրապնդել է իր դիրքերը Իրաքում, Սիրիայում, Լիբանանում, Եմենում, Պաղեստինում և այլ տարածքներում 2014 թվականից ի վեր… Այսպիսով, պարոն Զարիֆը շատ առաջարկներ ունի թե՛ Երևանին, թե՛ Բաքվին, որոնք քննարկման կդրվեն:

Սերգեյ Շաքարյանց