Սիրիայում այսօր նախագահական ընտրություններ են

Սիրիայի Արաբական Հանրապետությունում այսօր կանցկացվեն նախագահական ընտրություններ: Այս մասին գրում է EurAsia Daily-ն՝ նշելով, որ ֆավորիտն է պետության ներկայիս ղեկավար Բաշար ալ-Ասադը:

Դամասկոսում կայացած մամուլի ասուլիսում երկրի ներքին գործերի նախարար Մուհամեդ Ռահմոնը հայտնել է, որ ընտրություններին կմասնակցի ավելի քան 18 միլիոն քաղաքացի: Նրա խոսքով՝ քվեարկություն տեղի կունենա 12 102 ընտրատեղամասում, որոնք կբացվեն ժամը 07:00-ին և կաշխատեն մինչև 19:00-ն:
Ռահմոնը նշել է նաև, որ իշխանությունները նախապես ձեռնարկել են անհրաժեշտ սանիտարական և կանխարգելիչ միջոցառումներ՝ հաշվի առնելով կորոնավիրուսային վարակի սպառնալիքը:
«Ամեն ինչ արվել է քաղաքացիների հարմարավետության համար: Նրանց մնում է պահպանել սոցիալական հեռավորությունը և օգտագործել պաշտպանիչ դիմակներ»,- շեշտել է նա:

Պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարում է 3 թեկնածու՝ Ասադը,
նախկին պատգամավոր Աբդալահ Սալում Աբդալահը և հայրենասիրական ընդդիմության ներկայացուցիչ Մահմուդ Ահմեդ Մուրային:

Սիրիայում նախագահը պաշտոնավարում է 7 տարի ժամկետով:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Գերմանիան, Ֆրանսիան և Իտալիան կոչ էին արել միջազգային հանրությանը չճանաչել Սիրիայում մայիսի 26-ին կայանալիք նախագահական ընտրությունների արդյունքները:

Նշված երկրները համոզված են, որ անհրաժեշտ է տապալել Բաշար ալ Ասադի ռեժիմի կողմից լեգիտիմություն ձեռք բերելու փորձը, որն արվում է «առանց մարդու իրավունքների խախտումները դադարեցնելու և սիրիական հակամարտությունը կարգավորելու նպատակով ՄԱԿ-ի կողմից նախաձեռնված գործընթացին մասնակցելու»:

«Այս ընտրությունները ո՛չ արդար են լինելու, ո՛չ էլ՝ ազատ, և չեն նպաստելու հակամարտության քաղաքական կարգավորմանը: Մենք պաշտպանում ենք սիրիական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և ընդդիմադիրների այն տեսակետը, ըստ որի՝ ընտրական գործընթացը լեգիտիմ չէ»,- ասված է հայտարարությունում: