Զարիֆը և Ալիևը քննարկել են Իրանը, Ադրբեջանը և Հայաստանը կապող երկաթուղային ուղիները

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննարկել են Իրանը, Ադրբեջանը և Հայաստանը կապող երկաթուղային ուղիները: Այս մասին է հաղորդում Tasnim գործակալությունը։

Իրանցի բարձրաստիճան դիվանագետը երեքշաբթի Բաքու կատարած այցի ընթացքում հանդիպել է Ալիևի հետ: Ըստ Tasnim-ի՝ կողմերը քննարկել են Իրանը, Ադրբեջանն ու Հայաստանը կապող երկաթուղային ճանապարհները, վեցակողմ համագործակցության տարածաշրջանային նախաձեռնությունը, տարանցիկ միջանցքները և այլ հարցեր:

Քննարկվել է նաև Իրանի մասնակցությունը ականազերծման աշխատանքներին և 2020 թ. աշնանը Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետեւանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների վերականգնումը, ինչպես նաեւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ հրադադարի ռեժիմի իրականացումը:

«Այժմ կարող եք պատմական դեր ունենալ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործում, և ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Ձեզ՝ Հայաստանի հետ խաղաղ համակեցության ցանկություն հայտնելու համար», – նշել է Զարիֆը՝ դիմելով Ալիևին: Նա կարևոր է համարել տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատումը: «Իրանը պատրաստ է իր դերակատարությունն ունենալ այս կարևոր նպատակին հասնելու, ինչպես նաեւ ազատագրված տարածքների վերականգնման գործում», – ասել է նա, հաղորդել է Mehr-ը:

Բաքու կատարած այցից հետո Մոհամմադ Ջավադ Զարիֆը կայցելի Երևան: