Ադրբեջանը փորձում է էլի ինչ-որ բաներ շորթել ու ստանալ Հայաստանից. Զատուլին

Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինի կարծիքով` հայ-ադրբեջանական սահմանին ստատուս-քվոն պետք է վերականգնվի:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Զատուլինը այս մասին ասել է մայիսի 25-ին տեղի ունեցած առցանց ասուլիսի ժամանակ:

Ըստ Զատուլինի` Արցախյան 44-օրյա պատերազմում պարտությունից հետո մեծ ջանքեր են պահանջվում ՀՀ զինված ուժերի պաշտպանունակությունը, մարտական ոգին վերականգնելու, ինչպես նաև այն բանի համար, որ ժողովուրդը հավատա, որ պետությունը կարող է սեփական ուժերով պաշտպանվել։

Զատուլինը նշել է, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հասարակության ներքին պառակտման արդյունք են, սակայն, ըստ պատգամավորի, դա ոչ մի կերպ չի արդարացնում պահը որսացող Ադրբեջանի սադրանքները։

«Ադրբեջանը փորձում է էլի ինչ-որ առավելությունների հասնել, ուզում է էլի ինչ-որ բաներ շորթել ու ստանալ։ Սա բացարձակ թափանցիկ իրավիճակ է, այն պետք է ախտորոշվի: Ստատուս-քվոն պետք է վերականգնվի»,- նշել է Զատուլինը։