Մենք պիտի ունենանք իշխանություն, որը մեզ թույլ կտա ապրել մեր կյանքով, մեր մանր-մունր խնդիրներով, այլ ոչ թե ամեն օր վերապրել անտերության տարաբնույթ դրսևորումներ

Ուղիղ մեկ շաբաթ մեկը մյուսին հաջորդող հանդիպումներ։ Սահմանամերձ բնակավայրերից մինչև կենտրոնական Հայաստան։

Հնչած արտահայտություններն ու քննարկվող մտքերը շատ էին, բայց միևնույն ժամանակ բոլորիս եզրակացությունները շատ միատեսակ։

Ցանկացած խնդիր՝ աշխատանքի, կենցաղի կամ հետագայի մասին արագ կտրվում էր՝ վերածվելով գոյության պահպանման խնդրի։

Ակամա բոլորս դարձել ենք երկրի սահման գծող, գծածը պահող, սահմանի խախտմանն արձագանքող, միջազգային ու տարածաշրջանային ռազմաքաղաքական հայտարարություններ վերլուծող։

Ստիպված մտածում ենք՝ ի՞նչ պիտի անենք հերթական ագրեսիայի, հերթական հայրենազրկման ու հերթական անգամ մեր արժանապատվությունը ոտնահարելու փորձի դեպքում։

Մտածում ենք մենք՝ բոլորս միասին։ Չափահաս թե մանուկ, ուսուցիչ թե աշակերտ, հյուր թե հյուրընկալ, զբաղված թե զբաղմունք չունեցող։ Մտածում ենք մենք, որովհետև ակներև է, որ գիտակցելու ու գործելու պարտականություն ունեցողները միտումնավոր լռում են։

Առկա հիասթափությունն ու կոտրված իրականության մտատանջանքներով է ապրած յուրաքանչյուր օր։

Սա օրինաչափ չէ։ ՀՀ քաղաքացին չի կարող լինել պետության անձեռնմխելիության, իրավականության ու ընդհանրապես պետականության գոյության երաշխավորը։

Վաղուց ժամանակն է ազատվել այդ բարդույթից։ Բոլորը Պն նախարար չե՛ն ու չեն էլ կարող լինել։

Բոլորը դատավոր չե՛ն ու չեն էլ կարող լինել։

Բոլորը վարչապետ չե՛ն ու չեն էլ կարող լինել։

Հետևաբար, ո՛չ որոշումները, ո՛չ էլ դրանց կայացման կամ չկայացման հետևանքները չեն կարող տարալուծվել «բոլորիս» մեջ։

Մենք պիտի ունենանք իշխանություն, որը մեզ թույլ կտա ապրել մեր կյանքով, մեր մանր-մունր խնդիրներով, այլ ոչ թե ամեն օր վերապրել անտերության տարաբնույթ դրսևորումներ։ Պետք է արժանապատիվ, կարող ու կամային իշխանություն, որ քաղաքացին սեփական սոցիալտնտեսական ծանրացած բեռի մասին խոսելիս ու լուծումներ փնտրելիս իրեն մեղավոր չզգա բարոյահոգեբանական այն բարդույթից, որ մենք հայրենիք նվիրող ու հանձնող խմբակ կերակրող հասարակություն ենք։

Մենք որպես հասարակություն պիտի քաջություն ունենք վերադաձնել ամեն ինչ իր տեղը՝ հասցեականությունը՝ երևույթներից մինչև անձեր, պատճառներից մինչև հետևանքներ, որոշումներ ընդունողներից մինչև դրանք կատարողներ։ Ամեն ինչ առանց բացառության։

Հ.Գ. էդ երեք միլիոն վարչապետերի փաստն է, որ մեզ բերեց հասցրեց այս կետին՝ անիշխան ու անպաշտպան։

#Ուղղիր_մեջքդ

#Կպնենք_գործին

#Որ_ապրենք

#պատիվ_ունեմ

Աննա Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից