Ոչմիթիզականություն… Ահա, թե ինչ ժառանգություն է ցանկանում թողնել հայ ժողովրդին ԼՏՊ-ն․ Քաղաքագետ

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

«Ոչմիթիզականություն… Ահա, թե ինչ ժառանգություն է ցանկանում թողնել հայ ժողովրդին ԼՏՊ-ն։ Եթե դու հայրենասեր ես, եթե պայքարում ես հայրենի հողի համար, եթե չես ուզում թշնամուն նվիրել քո եկեղեցիները, վանքերն ու պապերիդ գերեզմանները, ուրեմն ոչմիթիզական ես։ ԼՏՊ ընկալման մեջ դա նույնն է, ինչ տգետը, դավաճանը, պետականակործան տականքը և այլն։ Ու հիմա նա փորձում է համոզել դրանում նաև ժողովրդին։ Որ եթե հանկարծ մեկը կանգնի ու ասի, թե Դադիանքը պետք է հետ բերել, լամ Ոսկերպարը թուրքին չտալ, բոլորը քարկոծեն նրան ու մեղադրեն ոչմիթիզականության մեջ։

Չգիտեմ ով ինչպես կընկալի ասածս, բայց ինձ համար ԼՏՊ-ն շատ ավելի կեղտոտ ու ստոր է, քան բոլոր այն բացասական հասկացությունները միասին վերցրած, որ ինքը դնում է ոչմիթիզական բառի իմաստաբանական հիմքում։

Հիմա անցնեմ առավել կարևոր հարցին։ Երբ ԼՏՊ-ն մեզ վրա հասած աղետի համար փորձում է մեղադրել բոլոր բոլորին, նրա նպատակը բացառապես մեկն է՝ թաքցնել իր հոգեզավակ Նիկոլին այսպես կոչված «ոչմիթիզականների» թիկունքում։ Ուզում է մեղքը բաշխել բոլորի միջև, իսկ հետո նաև ծանրութեթև անի, թե ով էր ավելի շատ մեղավոր և ով՝ քիչ։

Նա ստում է նաև, երբ ասում է, թե հայկական պետությունները կործանվեցին «ոչմիթիզականության» հետևանքով։ Չի եղել նման բան։ Հայաստանը երբեք չի ունեցել ոչմիթիզական իշխանություն։ Բառի ո՛չ լավ, ո՛չ էլ վատ իմաստով։ Ցավով եմ ասում, բայց չենք ունեցել մենք նման իշխանություն։ ՀՀ բոլոր իշխանությունները մշտապես հանդես են եկել Արցախի հարցը փոխզիջումների հիմքով լուծելու օգտին։ Եվ գործել են այդ տրամաբանությամբ։ Համենայն դեպս, հանրային քաղաքականությունն այդպիսինն է եղել ու դա շատ խնդիրներ է ծնել մեր ժողովրդի համար։

Ես շատ եմ խոսել սրա մասին։ Կրկնվելու կարիք այս պահին, կարծում եմ, չկա։ Բայց կարճ կասեմ, որ ամեն ինչ միանգամայն այլ կերպ կլիներ, եթե Արցախի ազատագրված տարածքները բնակեցվեին ու լիարժեք յուրացվեին հայկական պետության կողմից։ Դա չի արվել և դա աններելի մեղք է բոլորիս համար։

Թե բա ոչմիթիզական… Բա երանի չէ՞ր, որ իսկապես ոչմիթիզական լինեինք ամբողջ ազգով։ Նման խնդիր դնեինք մեր առաջ ու լուծեինք այն։ Անհնա՞ր էր։ Իհարկե ոչ։ Բայց նույն ԼՏՊ-ն ժամանակին ամեն ինչ արեց, որ մենք անգամ չմտածենք դրա մասին։ Ու, պետք է խոստովանեմ, որ հասել է իր նպատակին։ Որովհետև շուրջս եմ նայում, անգամ ինձ մտերիմ մարդիկ են ասում, որ՝ դե էտ հողերը մեկ է պետք է Ադրբեջանին տայինք։ Լևոնին էլ «Պապի» են կոչում շատերը։ Ծուռ հայելիների թագավորություն…»։