Ադրբեջանի՝ ռուսական առաջարկից հրաժարվելու դեպքում, ՀՀ-ն կհայտնվի գերշահեկան դիրքերում…

Կարծես ավարտին է մոտենում՝ ռուսական կողմի որդեգրած՝ «Ադրբեջանին ժամանակավորապես սիրաշահելու» քաղաքականությունը։

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր ելույթում ուղիղ տեքստով Ադրբեջանին առաջարկեց միանալ տարածաշրջանային խոշորագույն միությանը՝ ԵԱՏՄ-ին։

Այս առաջարկն ամենևին էլ անսպասելի չէր, քանզի ռուսներն ունեն սեփական հետաքրքրությունների շրջանակը թուրքական աշխարհի հետ հարաբերվելիս։

Այս քայլով ռուսները վերջնականապես ցայտնոտի առջև կանգնեցրին ադրբեջանական կողմին, քանզի որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանը սերտ հարաբերությունների մեջ է ռուսների վաղեմի «հակառակորդ» Մեծ Բրիտանիայի հետ և բրիտները, հետապնդելով սեփական շահերն ու օգնելով ադրբեջանցիներին պատերազմի ժամանակ, չեն կարող թույլ տալ ռուս-ադրբեջանական մերձեցումը։

Նմանատիպ սցենարի զարգացման դեպքում արևմտյան «մարդասիրական» կառույցները կրկին կվերհիշեն Արցախում թուրքական կողմի հակամարդկային գործողությունները։

Հաշվի առնելով աշխարհաքաղաքական խոշոր խաղացողների (ՌԴ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Իրան, Չինաստան) ցուցաբերած մեծ հետաքրքրությունն՝ ուղղված արցախյան խնդրի կարգավորմանը՝ դժվար չէ կռահել, որ մոտ ապագայում Ադրբեջանում բախվելու են ռուս-բրիտանական շահերը, որից անկասկած հսկայական օգուտներ կարող է քաղել Հայաստանը։

Հայաստանի հարավային հարևան Իրանն ամենից մտահոգվածն է ՀՀ սահմանների հնարավոր փոփոխությունների հետ կապված, քանզի Իրանին ամենևին էլ ձեռնտու չէ՝ Իսրայելի հետ ջերմ հարաբերություններ ունեցող Ադրբեջանի դիրքերի ուժեղացումը տարածաշրջանում։

Ստեղծված իրավիճակում հայկական կողմն անպայման պետք է սերտացնի հարաբերությունները հարավային հարևանի հետ՝ ընդհուպ մինչև դաշնակցային հարաբերությունների հաստատում՝ մանավանդ ամերիկյան պատժամիջոցների վերացումից հետո։

Հ.Գ. Ռուս-ադրբեջանական շահերի հավանական բախման ժամանակահատվածը ճիշտ գնահատելու դեպքում, Հայաստանն ու Արցախը աներևակայելի առաջընթաց կարող են գրանցել։

Լևոն Մնացականյանի ֆեյսբուքյան էջից