Մեր երկիրը միշտ պատրաստ է ուս ուսի տալ եղբայրական հայ ժողովրդի հետ․ Լավրով

Ռուս-հայկական հարաբերությունները փորձված են ժամանակով, այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Аргументы и Факты» թերթին տված հարցազրույցում։

Սերգեյ Լավրովը նշել է՝ կասկած չունի, որ այդ հարաբերությունները կշարունակեն զարգանալ փոխվստահության, ռազմավարական գործընկերության և դաշնակցային փոխգործակցության ոգով:

«Մեր երկիրը միշտ պատրաստ է ուս ուսի տալ եղբայրական հայ ժողովրդի հետ: Դա են վկայում Ռուսաստանի, անձամբ նախագահ Պուտինի միջնորդական ջանքերը, որոնց շնորհիվ հնարավոր դարձավ 2020-ի աշնանը Լեռնային Ղարաբաղում ռազմական առճակատման կասեցումը՝ տարածաշրջանում իրավիճակի կարգավորման գործընթաց սկսելու համար»,- ասել է նա։

Ըստ նրա, այսօր, ընդհանուր առմամբ, հաջողությամբ իրականացվում են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ համաձայնագրերը, որոնք արձանագրված են 2020 թ. նոյեմբերի 9-ի, ինչպես նաև 2021թ. հունվարի 11-ի հայտարարություններում:

«Խոսքը, մասնավորապես, վերաբերում է հակամարտության հումանիտար և սոցիալ-տնտեսական հետևանքների վերացմանը, Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը: Ռուսական օգնությունը բարձր են գնահատում մեր հայ ընկերները:

Ըստ Լավրովի, կարևոր է նաև հասկանալ, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները չեն սահմանափակվում միայն Լեռնային Ղարաբաղի խնդրով:

«Մենք հաստատեցինք աննախադեպ ակտիվ և վստահելի քաղաքական երկխոսություն ամենաբարձր և այլ մակարդակներում: Միայն այս տարի մեր ղեկավարները երկու անգամ հանդիպել են և բազմաթիվ հեռախոսազրույցներ ունեցել: Մայիսի սկզբին ես այցելեցի Երևան: Միջխորհրդարանական փոխանակումներ են իրականացվում:

Բացի այդ, Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ կորոնավիրուսի համաճարակի հետևանքները հաղթահարելու համար՝ Ռուսաստանը «Sputnik Վի» պատվաստանյութեր է հասցրել Հայաստան:

«Մենք աշխատում ենք հետագա օժանդակության հարցի շուրջ: Մենք հաջողությամբ զարգացնում ենք կապերը առևտրի և տնտեսության ոլորտում, ինչին նպաստում են տնտեսական համագործակցության ռուս-հայկական միջկառավարական հանձնաժողովի համանախագահների պարբերական հանդիպումները»,- ասել է նա։