Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ 80 ուխտավոր այցելել է Ամարաս

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման շրջանակներում ռուս խաղաղապահները շարունակում են աջակցել Արցախի խաղաղ կյանքի վերականգնմանը: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ը:

Ըստ տարածված հաղորդագրության՝ Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինծառայողները կիրակի օրը ապահովել են 80 ուխտավորների անվտանգ այցելությունը Ամարասի քրիստոնեական վանք: Այցելուները եղել են Ստեփանակերտից և վանքին հարակից քաղաքներից ու գյուղերից:

«Շատ շնորհակալ ենք ձեզ այստեղ գտնվելու, մեզ պաշտպանելու համար: Մենք շատ շնորհակալ ենք ձեզանից և ցանկանում ենք, որ միշտ այստեղ լինեք»,- ասել է ուխտավոր Վեսմիրա Գաբրիելյանը և հավելել. «Թող Աստված օրհնի ձեզ և մաղթի, որ ձեզ հետ ամեն ինչ լավ լինի, և որ մեր հայրենիքում միշտ խաղաղություն լինի»:

«Ռազմական գործողությունների ավարտից հետո ստորագրված հրադադարի համաձայնագրի ստորագրման արդյունքում, վաղ միջնադարյան Ամարաս վանքը հայտնվել է կողմերի ուժերի սահմանազատման գծի անմիջական հարևանությամբ: Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները պարբերաբար ապահովում են վանական համալիր այցելել ցանկացող ուխտավորների անվտանգությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ: