Արա Այվազյանն ընդգծել է ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի անհապաղ դուրսբերման հրամայականը

Մայիսի 24-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդունեց Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին։ ԱԳՆ տեղեկացմամբ, հանդիպման առանցքում էին տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերը։ Անդրադարձ կատարվեց ՀՀ սահմանամերձ մարզերում Ադրբեջանի սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրադրությանը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցած ադրբեջանական զինված ուժերի անհապաղ և անվերապահ դուրսբերման հրամայականը։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին հայ-իրանական օրակարգի մի շարք հարցերի շուրջ, հատուկ անդրադարձ կատարվեց վերջին շրջանում տեղի ունեցող բարձրաստիճան այցերին և դրանց արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին: