Ունեցել ենք կառուցողական զրույց, որը տևել է գրեթե 2 ժամ. ԱՄՆ պետքարտուղարը՝ Լավրովի հետ հանդիպման մասին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ Ռեյկյավիկում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ընթացքում անցկացվել է «կառուցողական, շատ գործարար (business like)» զրույց:

«Կարծում եմ, որ մենք ունեցել ենք կառուցողական, շատ գործարար զրույց, որը տևել է գրեթե երկու ժամ»,- ասել է Բլինկենը CNN-ին տված հարցազրույցում: Նրա խոսքերը մեջբերված են ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական կայքում:

Բլինկենը նաև շեշտել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ ավելի կայուն և կանխատեսելի հարաբերությունները «լավ կլինեին Միացյալ Նահանգների համար», բայց, ի վերջո, նման համագործակցության հնարավորության մասին որոշումը պետք է կայացնի Մոսկվան:

«Նրանց հետ ավելի կայուն, կանխատեսելի հարաբերությունները, կարծում եմ, լավ կլինեին մեզ համար, նրանց համար, և ես կասեի՝ աշխարհի համար … Ի վերջո, Ռուսաստանը պետք է որոշի՝ ցանկանում է արդյոք ավելի կանխատեսելի, կայուն հարաբերություններ: Մենք պետք է ստուգենք այս ենթադրությունը»,- ասել է Բլինկենը:

Հիշեցնենք՝ Լավրովի և Բլինկենի առաջին անձնական հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 19-ին Ռեյկյավիկում՝ Արկտիկայի խորհրդի նախարարական հանդիպման շրջանակում: