Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի իրականացնել ՀՀ վարչապետի լիազորությունները․ Արա Զոհրաբյան

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.

«22.05.2021թ. «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության և 5165 շարժման կողմից հրավիրված հավաքի ժամանակ ներկայացրել եմ հետևյալը՝

ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը ԹԱՓՈՒՐ մնալու այլ դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ:

Ինչպես տեսնում ենք սահմանադիրն օգտագործել է «Թափուր մնալ» բառերը: Հետևաբար, վարչապետի հրաժարական ներկայացնելու պահից վարչապետի պաշտոնը ԹԱՓՈՒՐ Է:

Ըստ բացատրական բառարանի «Թափուր» բառը նշանակում է՝ դատարկ, ազատ, չզբաղեցրած, որտեղ ոչինչ չկա, անմարդաբնակ, ամայի:

Վարչապետի հրաժարականի դեպքում, վերջինիս պաշտոնը համարվում է թափուր, այսինքն ազատ, հետևաբար նա չի կարող շարունակել վարչապետի լիազորությունների ժամանակավոր կատարումը: Կառավարության մյուս անդամները՝ փոխվարչապետերը և նախարարները, շարունակում են ժամանակավոր պաշտոնավարել:

Օրենսդրության մեջ էլ նման իրավիճակներում թափուր պաշտոնների հետ կապված կարգավորումները խոսում են հենց այս տրամաբանության մասին: Օրինակ՝ ազգային ժողովի նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում, ԱԺ նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահի տեղակալը: ՀՀ նախագահի հրաժարականի դեպքերում մինչև նորընտիր Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը Հանրապետության նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը:

Վերոգրյալից ելնելով՝

1. Առաջարկում ենք Մարդու իրավունքների պաշտպանին (Arman Tatoyan) դիմել սահմանադրական դատարան և վարչապետի ժպ հանդես եկող անձի իրավասությունն ըստ էության վիճարկել հետևյալ եղանակով՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել ՄԻՊ-ը վարչապետի նորմատիվ իրավական ակտերի վիճարկման հարցով: ՎԺՊ-ն 2021թ. Մայիսի 10-ին կայացրել է թիվ 492-Ն նորմատիվ իրավական ակտը:

2. ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ իշխանությունը պահելը` Հանրապետության Նախագահի, պատգամավորի, ՎԱՐՉԱՊԵՏԻ, նախարարի լիազորությունների ավարտից հետո այդ լիազորությունների իրականացումը շարունակելը` պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:

Նիկոլ Փաշինյանը 2021թ. ապրիլի 25-ից հետո շարունակել է վարչապետի լիազորությունների իրականացումը՝ լիազորությունների ավարտից հետո:

Պատրաստվում ենք հանցագործության մասին հաղորդում ներկայացնել իրավասու մարմնին:

3. Իրազեկում ենք Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի իշխանություններին, որ Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի իրականացնել ՀՀ վարչապետի լիազորությունները: ՀՀ վարչապետի անունից ստորագրված որևէ փաստաթուղթ չի ունենալու իրավասություն և հիմք չի ընդունվելու Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից»: