Սկզբունքորեն բացառում ենք որևէ համագործակցություն դավաճանական ուժերի հետ. «Հայաստան» դաշինք

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Գործող վարչակազմը, որ 2018-ին իշխանության է եկել սիրո և համերաշխության քարոզով, արդարության և ազգային իղձերի իրականացման խոստումներով, կատարելապես ձախողվել է՝ բացահայտելով իր կեղծավոր և դավաճանական էությունը։ Անցած երեք տարիների ընթացքում իշխանությունները չեն կատարել և ոչ մի խոստում, ավերել են տնտեսությունը, հասարակության մեջ ատելություն և թշնամանք են արմատավորել, տանուլ են տվել հայրենական պատերազմում՝ զոհաբերելով հազարավոր անգին կյանքեր ու տապալելով մեր ազգային իղձերը։

Այսօր արդեն ակնհայտ է, որ ընտրությունների արդյունքներով իշխող վարչակազմը կորցնելու է իշխանությունը, և դա արդեն հաշված օրերի հարց է։ Ակնհայտ է նաև, որ վարչակազմը փորձելու է անարժանապատիվ կոալիցիոն գործարքներ փնտրել՝ աթոռը ամեն գնով պահելու նպատակով։

«Հայաստան» դաշինքը հայտարարում է. սկզբունքորեն բացառում ենք որևէ համագործակցություն դավաճանական ուժերի հետ։ Նման գործարքը ցանկացած քաղաքական միավորի համար գնահատվելու է Հայաստանի և Արցախի հանդեպ իրականցված հանցագործության մեղսակցություն և, ուժ տալով չարիքին, հարցականի տակ է դնելու մեր պետության գոյությունը»։