Արևմուտքը պարտք է Հայաստանին. Արմեն Աշոտյանը` խիստ կարևոր բանաձևի մասին. Sputnik Արմենիա

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևին, որն առնչվում է Ադրբեջանում պահվող հայ գերիներին

Արմեն Աշոտյանի դիտարկմամբ` խիստ կարևոր այդ բանաձևը ոչ միայն ամփոփ կերպով անդրադառնում է ռազմագերիների խնդրին տարբեր իրավական, հումանիտար, միջազգային քաղաքական ասպեկտներով, այլև ներառում է հայ–ադրբեջանական սահմանին գրանցված վերջին իրադարձությունները։

Ըստ նրա` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, ՄԻԵԴ–ում աշխատող և մեր ռազմագերիների շահերը ներկայացնող իրավաբանների խումբը նախապես հսկայական աշխատանք է կատարել այդ հիմքը ստեղծելու համար, և քաղաքական գործիչներն ունենալով այդ հսկայական նյութը, որը վկայում է Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խայտառակ խախտումների մասին` կարողացել են հարցը դարձնել եվրոպացի խորհրդարանականների ուշադրության առարկա։

«Բավականին լուրջ, համապարփակ և խիստ բանաձև է ընդունվել, որը լավ քաղաքական հիմք է ռազմագերիների վերադարձը Հայաստան ապահովելու տեսակետից, միջազգային ճնշումն այդ հարցում Ադրբեջանի վրա ուժեղացնելու առումով։ Առանց ճնշման Ադրբեջանը մեր ռազմագերիներին չի վերադարձնի կամ էլ այդ քայլին կգնա մեզանից մեծ զիջումներ կորզելու դեպքում, այսինքն` «մարդ հողի դիմաց» սկզբունքով, ինչը փորձում է անել Ալիևը»,– Sputnik Արմենիայի եթերում ասաց ՀՀԿ փոխնախագահը։

Աշոտյանի համոզմամբ` մեզ համար շատ կարևոր է մեր քաղաքացիների կենդանի մնալու և ողջ–առողջ իրենց օջախներ վերադառնալու հավանականությունը կտրուկ բարձրացնելն ու այդ ուղղությամբ միջազգային ճնշումներն Ադրբեջանի վրա շարունակելը։ Ըստ նրա` եթե Ադրբեջանը չկատարի այս բանաձևի պահանջը, այդ դեպքում պետք է անցնել երկրորդ փուլին` հորդորելով եվրոպական հանրությանը պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ միջազգային իրավունքների խախտման հիմքով, ինչը որակյալ արդյունք ապահովող գործիք կլինի, առավել ևս, որ Արևմուտքն, ըստ ՀՀԿ փոխնախագահի, պարտք է Հայաստանին, քանզի 44-օրյա պատերազմի ժամանակ Արևմուտքը անհողդողդ էր ծավալվող իրադարձությունների նկատմամբ։

իշեցնենք` Եվրոպական խորհրդարանն այսօր 607 կողմ ձայնով ընդունեց բանաձև, որով պարտադրում է Ադրբեջանին առանց որևէ նախապայմանի ազատ արձակել հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց։

Խորհրդարանականները հակամարտության երկու կողմերին կոչ են անում լիովին պահպանել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարությունը, որը ենթադրում է ռազմագերիների, պատանդների և այլ ձերբակալվածների փոխանակում, ինչպես նաև մարտական գործողությունների հետևանքով զոհվածների մարմինների փոխանցում:

Նոյեմբերի 9–ի հայտարարության ընդունումից հետո 73 հայ զինվորականներ և քաղաքացիական անձինք են վերադարձել հայրենիք: Ոչ պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում ևս շուրջ 200 հայ գերի կա: