«Ամեն դիրքում մշտական 15-20 հոգի ադրբեջանցի կա․ մեր դիմաց երեկ իրենց դրոշն են տեղադրել, մենք էլ ենք երեկ դրոշ տեղադրել»․ կամավորականը՝ Կութի դիրքերում. 168.am

Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքի բնակիչ Սևակ Խաչատրյանն արդեն 4-րդ օրն է՝ կամավորագրվել և բարձրացել է Կութ գյուղի դիրքեր, որտեղ շուրջ 10 օր է՝ ադրբեջանական զորքերն առաջ են եկել՝ մտնելով Հայաստանի տարածք։ Գրում է 168.am-ը։

«Մենք մի խումբ կամավորներ ենք, օրինական, Զինկոմիսարիատով, մեզ դիրք են վստահել, մենք այս դիրքը պահում ենք»,- ասաց Սևակը։

Նրա խոսքով՝ 4 օրերին էլ իրավիճակը հանգիստ է եղել, հակառակորդն առաջխաղացման փորձ չի արել, սպասողական վիճակում են։

Երեկ Կութ համայնքի դիրքերի ուղղությամբ հակառակորդի կրակոցների առնչությամբ https://livenews.am/press/2021/109917/20/17/07/ Սևակ Խաչատրյանն ասաց․

«Կութի այն հատվածում, որտեղ մենք ենք, 7-8 դիրք է տեսանելի, և այդ հատվածում կրակոց չի եղել, բայց ավելի հեռվից մի 5-6 կրակոց լսել ենք, բայց չեմ կարող ասել՝ օ՞դ է կրակվել, թե՞ պատահական է եղել, բայց մի 5-6 կրակոց լսվել է։ Ավելի շատ կարող էր Նորաբակ համայնքի ուղղությամբ լիներ, մեր մոտից մոտ 2 կիլոմետր է»։

Կամավորականից հետաքրքրվեցինք, թե Կութի հատվածում շա՞տ են ադրբեջանցի զինվորականները․

«Գնում-գալիս են։ Այսինքն՝ ամեն դիրքում մշտական 15-20 հոգի կան, բայց գնում-գալիս են, շուտ-շուտ փոխարինում են իրար։ Մեր դիմաց երեկ դրոշ են տեղադրել, մենք էլ ենք երեկ դրոշ տեղադրել։ Մոտ 500 մետր են մեզանից հեռու, այս պահին էլ տեսանելի է իրենց դրոշը»։