Կանադայի արտգործնախարարը Լավրովի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումները

Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում բանակցություններ են վարել Կանադայի արտգործնախարար Մարկ Գարնոն և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Ինչպես տեղեկանում ենք Կանադայի ԱԳՆ կայքում առկա հաղորդագրությունից, կողմերը քննարկել են Արկտիկայում, Վենեսուելայում առկա իրավիճակը, Ռուսաստան-Ուկրաինա հարաբերությունների լարվածությանն ու Ղրիմի խնդրին, ինչպես նաև՝ անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումները:

Մասնավորապես, ըստ հաղորդագրության, Կանադայի արտգործնախարարը վերահաստատել է, որ պաշտոնական Օտտավան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին նվազեցնել առկա լարվածությունը, հույս է հայտնել, որ կողմերը կարող են արդյունավետ ու կառուցողական քայլերի դիմել, այդ թվում՝ ձերբակալված անձանց վերադարձի աճյունների փոխանակման գործընթացների արագացումը, պատերազմական բոլոր հանցագործությունների հետաքննությունն ու դատապարտումը, համագործակցությունը ականազերծման աշխատանքների հարցում:

Գարնոն Լավրովին ասել է նաև, որ Կանադան շարունակելու է աջակցել ԵԱՀԿ-ի առանցքային դերակատարմանը հակամարտության երկարատև կարգավորման հասնելու հարցում:

Հիշեցնենք, որ Կանադայի արտգործնախարարը մայիսի 14-ին թվիթերյան իր միկրոբլոգում գրառումներ էր կատարել՝ արձագանքելով Ադրբեջանի կողմից ՀՀ տարածք ներխուժելուց հետո ստեղծված սահմանային իրադրությանը:

«Մենք անհանգստացած ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճի մասին տեղեկություններով և հայկական տարածք ներխուժման մասին լուրերով: Բոլոր կողմերին հորդորում ենք ամբողջությամբ հարգել նոյեմբերի 10-ին ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը և շարունակել տևական ու խաղաղ կարգավորման բանակցությունները:

Բոլոր գործողությունները, որոնք խաթարում են հրադադարի ռեժիմը և սրում են լարվածությունը, պետք է դադարեցվեն»,- գրել էր Կանադայի արտգործնախարարը: