ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը

Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն մայիսի 19-ի երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ, նրանք քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը:

«Քննարկվել է իրավիճակը տարածաշրջանում և այն շրջաններում, որտեղ ռուսական խաղաղապահ առաքելությունը կատարում է իր հանձնարարությունները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,-ասվում է հաղորդագրության մեջ:
ՀՀ ՊՆ-ն ևս հայտարարություն է տարածել, ըստ որի․« Վաղարշակ Հարությունյանը ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի սադրանքների արդյունքում ստեղծված իրադրությունը և հայկական կողմի գործողությունները։ Երկուստեք կարևորվել է խնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը։ Միևնույն ժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարը շեշտել է, որ ոտնձգությունները Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ բացարձակ անընդունելի են և ադրբեջանցի զինվորականները պարտավոր են վերադառնալ ելման դիրքեր։

Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության ընթացքը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք այլ հարցեր»։