Հայաստանը Սիրիայի համար կդառնա տրանզիտ երկիր

«Հայաստան-Սիրիա օդային միջպետական նոր համաձայնագիրը» ստորագրելու նպատակով` օրերս Հայաստան էր ժամանել Սիրիայի Արաբական Հանրապետության ավիացիոն իշխանության պատվիրակությունը։ Համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության շենքում Հայաստանում Սիրիայի դեսպան Մուհամմադ Հաջ Իբրահիմի ներկայությամբ երկու բարեկամ երկրների քաղավիացիայի ղեկավարների՝ Սիրիայում քաղաքացիական ավիացիայի կորպորացիայի գլխավոր տնօրեն`Բասեմ Մանսուրի և Հայաստանի քաղաքացիական ավիացիայի նախագահ Տ. Ռևազյանի կողմից։

Ըստ նոր համաձայնագրի՝ Հայաստան-Սիրիա ուղղությամբ թռիչքներ կատարելն այլևս մեկ ավիաընկերության լիազորությունը չէ՝ դաշտն ազատականացված է։

Սիրիական ավիացիոն իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպեցին նաև «Ան Նուռ» տուրիստական ընկերության հիմնադիր տնօրեն Աննա Նավասարդյանը և ավիացիոն փորձագետ – խորհրդատու Նավասարդ Խաչատրյանը: Սիրիայի Արաբական Հանրապետության Տրանսպորտի նախարարության օդային տրանսպորտի բաժնի տնօրեն Ֆադի Ժնիդիի հետ քննարկվեցին Հայաստան-Սիրիա ուղղությամբ նոր ավիաընկերություն ստեղծելու ծրագիրը, որի համար գործարկվելու է 2 օդանավ և իրականացվելու են կանոնավոր թռիչքներ Երևանից դեպի Դամասկոս, Հալեպ և Լաթակիա: Այս ծրագրով Հայաստանը կդառնա տրանզիտ երկիր Սիրիայի համար, կզարգանան նաև այլ ուղղություններ:

Սիրիացիներին հետաքրքրեց նաև Նավասարդ Խաչատրյանի և ծրագրի թիմակից Կամո Մարտիրոսյանի կողմից ստեղծվող Ավիացիոն ուսուցման և ինովացիոն կենտրոնը, որը շուտով կբացի իր հյուրընկալ դռները։ Կենտրոնում կկրթվեն և կպատրաստվեն ավիացիոն ոլորտի մասնագետներ, ինչը հնարավորություն կտա վերականգնել և ոտքի կանգնեցնել Հայաստանի քաղավիացիան, այն զինելով երիտասարդ և բանիմաց կադրերով: Կենտրոնում կրթվելու հնարավորություն կունենան նաև Սիրիայից ժամանած երիտասարդներ, ովքեր հետաքրքրված են ավիացիոն ոլորտով: