Տաջիկստանն ու Ղրղզստանն անցել են սահմանագծման աշխատանքներին, դա լավ օրինակ է հետխորհրդային տարածաշրջանի համար. Լավրով

Տաջիկստանն ու Ղրղզստանն սկսել են սահմանագծման աշխատանքներ իրականացնել, դա լավ օրինակ է ամբողջ հետխորհրդային տարածաշրջանի համար: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք երեկ նույնպես խոսել ենք առճակատումից համագործակցության անցնելու դրական օրինակի մասին, որը ցույց են տալիս Տաջիկստանն ու Ղրղզստանը: Մենք շատ ուրախ ենք, որ վերջերս բռնկված հակամարտության թեժ փուլը հետևում է մնացել, սակայն ամենագլխավորն այն է, որ երկրներն անցել են սահմանազատման և սահմանագծման աշխատանքների»,- ընդգծել է Լավրովը` տաջիկ գործընկերոջ հետ հանդիպմանը:
Ռուս նախարարի խոսքով` դա շատ լավ օրինակ է ամբողջ հետխորհրդային տարածաշրջանի համար, որտեղ սահմանները վերջնականապես և հուսալիորեն չեն ձևավորվել իրավական առումով:
Հիշեցնենք, որ երկրների միջև սահմանային տարաձայնությունը սրվել էր ապրիլի վերջին` վերաճելով զինված հակամարտության: Տաջիկ և ղրղզ սահմանապահների միջև բախումներն ավելի քան վեց ժամ են տևել: Զինված հակամարտության հետևանքով զոհվել է Ղրղզստանի 36 քաղաքացի, մոտ 200-ը տուժել են: Տաջիկստանը հայտնել է 19 զոհի և 87 տուժածի մասին: Ապրիլի 29-ին կողմերը պայմանավորվել են հրադադար հաստատել և հետ քաշել ուժերը սահմանից, սակայն հաջորդ օրը բախումները վերսկսվել էին: Տաջիկստանի զինվորականները Ղրղզստանի տարածքից հեռացել են մայիսի 1-ին: