Մենք դիտարկելու ենք մասնավորապես օրենսդրության պահանջների կիրարկումը․ ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ղեկավար

Այսօր տեղի ունեցավ արտահերթ խորհրդարանական ընտրություններում ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության մամուլի ասուլիսը, որում ներկայացվեց պատվիրակության աշխատանքները։ ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ղեկավար Օուեն Մըրֆին տեղեկացրեց, որ իրենց առաքելությունը Հայաստանում է իշխանությունների պաշտոնական հրավերով, որպեսզի հետևեն, թե Հայաստանը, հանդիսանալով Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության մասնակից պետություն, որքանով է կատարում իր ստանձնած պարտավորությունները:

«Մեր՝ Հայաստան ժամանումից մինչև ընտրության օրը և ընտրության օրից էլ դեռ հետո մենք դիտարկելու ենք տեղի ունեցող գործընթացները, մասնավորապես օրենսդրության պահանջների կիրարկումը, գործընթացը, թե Հայաստանը, լինելով ԵԱՀԿ անդամ երկիր, որքանով է իրականացնում իր ստանձնած պարտավորություններն ընտրական գործընթացում։ Ես չեմ կարող ենթադրել, թե ինչ կարող է պատահել, թիմն այստեղ է և մենք աշխատում ենք»,- ասաց Էոհան Մերֆին։

Մերֆին ասաց, որ երկրորդ օրն են Հայաստանում, նախօրեին հանդիպել են ՀՀ ԱԳ փոխնախարարի հետ, ԿԸՀ նախագահին։

Առաքելությունը կազմված է լինելու 11 միջազգային փորձագետից, որոնք ներկայացնելու են ԵԱՀԿ 9 մասնակից պետություններ, աշխատելու են Երևանում: «Մենք նաև խնդրել ենք ԵԱՀԿ մասնակից երկրներին, որ իրենք գործուղեն 24 երկարաժամկետ դիտորդներ, որոնք իրենց աշխատանքը երկրում կսկսեն մայիսի 26-ից: Մենք նախատեսում ենք նաև ԵԱՀԿ մասնակից երկրներին խնդրել Հայաստան ուղարկել 250 կարճաժամկետ դիտորդներ, որոնք ընտրությունների օրը կհետևեն ընտրական գործընթացներին»,-ասաց առաքելության ղեկավարը:

Անդրադառնալով ընտրություններից կարճ ժամանակ առաջ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների ազդեցության մասին, առաքելության ղեկավարն ասաց, որ այսօր են սկսվում դիտորդական աշխատանքները և այս պահին չեն կարող դիտարկումներ ներկայացնել, կրկնելով, որ աշխատանքի ընթացքում ուսումնասիրելու են ՀՀ օրենսդրությունը, միջազգային չափանիշներին դրանց համապատասխանությունն ու օրենսդրության կիրարկումը։