Հայաստանի տեղեկատվական անվտանգությունը գրեթե զրո է կամ զրո, և դա հե՛նց այն է, ինչ պետք է մեր արտաքին թշնամիներին, ներքին թշնամուն` նույնպես
Հրապարակային հարցում ՊՆ-ին և ԱԱԾ-ին
ՀՀ գերագույն գլխավոր դավաճան Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը ձեռնտու է այն քաոսը, որն առկա է տեղեկատվության ոլորտում. Կեղծիքը` թե՛ ՀՀ-ում, թե՛ արտերկրում հրապարակվող, հիմնականում հանդուրժվում ու նույնիսկ չի հերքվում, որպեսզի հանրությունը չկարողանա տարբերել ու իմանալ, թե տեղեկատվական հոսքի մեջ որն է իրականությունն արտահայտող տեղեկատվությունը: Կարճ ասած` մոլորվի, գլուխ չհանի:
Ավելին. իրականությանը չհամապատասխանող, կեղծ տեղեկատվությունը երբեմն կամ հաճախ հենց պետական մարմիններից ու պաշտոնյաներից է դուրս գալիս և հանդուրժվում (թարմ օրինակներից մեկը` «Փաստինֆո» -ի հետ զրույցում Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հայտնած սուտը, թե «Սյունիքում հակառակորդը ոչ մի հատվածում առաջ չի եկել: Եկել են դիտակետ դնեն, մոլորվել են: ՀՀ պետական սահմանին որևէ խախտում չի կարող լինի, դա անհնարին բան է…»:):
Իրականությանը չհամապատասխանող, կեղծ տեղեկություններ հրապարակած պետական պաշտոնյաները պատասխանատվության չեն կանչվում, նրանց հրապարակած` իրականությանը չհամապատասխանող, կեղծ տեղեկությունները վերադաս մարմինների ու պաշտոնյաների կողմից նույնիսկ չեն հերքվում, ինչն անհանդուրժելի է ցանկացած երկրի պարագայում, պատերազմի վտանգի առջև գտնվող Հայաստանի պարագայում` առավել ևս:
Դավաճանի իշխանության պարագայում կարելի է ենթադրել, որ իշխանությունները վերոնշյալ վերաբերմունքն են դրսևորում հավանաբար նաև նրա համար, որ երբ այդ մարմինները և պաշտոնյաներն առաջիկա հնարավոր պատերազմի դեպքում նույնիսկ ճիշտ, անհրաժեշտ, անվտանգության տեսակետից կարևոր տեղեկատվություն հաղորդեն, նրանց այլևս հավատացող չլինի կամ քչերը հավատան` դրանից բխող հասկանալի հետևանքներով հանդերձ:
Վերջին օրերին սոցիալական ցանցերում, ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունները սահմանային իրավիճակի, ինչպես նաև, ավելի լայն առումով, ՀՀ ազգային անվտանգության տեսանկյունից լուրջ անհանգստության հիմք են տալիս: Սույն հրապարակմամբ «ՀՀ պաշտպանության նախարարություն» և «ՀՀ ազգային անվտանգության ծառայություն» անվանումներով հանդես եկող մարմիններին ուղղում ենք հետևյալ հրապարակային հարցումը.
1.Իրականությանը համապատասխանո՞ւմ է ս. թ. մայիսի 16-ին Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայրենիք» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի հայտնած, Tert.am , Republica.am և լրատվական մի շարք այլ կայքերում հրապարակված տեղեկությունն այն մասին, որ Սյունիքի մարզում ադրբեջանական չորս դիրք կլինի` յուրաքանչյուրում 15-ական զինվոր։
«Այսօրվա բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Սև լճի տարածքում ունենալ հավասարաչափ ուժեր. չորս դիրք կունենան ադրբեջանցիները, չորս դիրք հայկական կողմը»,- Tert.am-ի հետ զրույցում նկատի ունենալով մայիսի 16-ի բանակցությունները, ասել է Վահե Հակոբյանը և հավելել, որ, «լավ, թե վատ, այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել Մուրադովի ջանքերով»:
2.Իրականությանը համապատասխանո՞ւմ է LIVEnews.am , Republica.am և լրատվական մի շարք այլ կայքերում ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի ս. թ. մայիսի 18-ի ֆեյսբուքյան գրառումն առ այն, որ «Ադրբեջանը Սեվ լճի շրջանում ոչ մի մետր չի նահանջել։ Պարզապես 250 հոգի էին մնացել են 50-ը։ Բացի այդ թուրքերը 10 օր ժամանակ են տվել մեզ և փակելու են Գորիս- Կապան ճանապարհի մեր մասը»։
Ի դեպ, Հրանտ Բագրատյանը հավելել է նաև, որ «Կապիտուլյանտ նիկոլի գործունեության պատճառով այդ ճանապարհի մի 15 կմ ներկայումս անցնում է Ադրբեջանի տարածքով։ Այս նվերը նիկոլը ալիևին տվեց 2020թ դեկտեմբերին ստորագրված ապօրինի արձանագրությամբ»։
3.Իրականությանը համապատասխանո՞ւմ են սոցիալական ցանցերի հայկական և ադրբեջանական տիրույթներում հրապարակված այն տեղեկությունները, որ թշնամին Հայաստանի Հանրապետության սահմանի այն հատվածներում, որտեղ զինված ներխուժելով ՀՀ տարածք, առաջ է եկել և տիրել, դիրքեր է դնում կամ դրել, խրամատավորվել կամ խրամատավորվում է, նյութատեխնիկական մատակարարման համար ճանապարհներ է սարքել կամ սարքում, և որ պաշտոնական Երևանը համաձայնել է Զանգեզուրով միջանցք տրամադրելու իր պարտավորությունը կատարել, և այդ համաձայնությունն ուժի մեջ է մտել 17.05.2021թ. ժամը 00:00-ից:
4.Իրականությանը համապատասխանո՞ւմ է Կասպյան ռազմական հետազոտությունների ինստիտուտի հրապարակած այն տեղեկությունը, որ Ադրբեջանի զինված ուժերը Սև լճի տարածքից դուրս գալու փոխարեն, պահանջել են`
1.Ղարաբաղում տեղակայված բոլոր հայկական զինված ուժերի դուրս բերում:
2.Կարմիր շուկա-Շուշի ճանապարհը ադրբեջանական բանակի վերահսկողությանը հանձնել:
3.Հայկական օկուպացիայից Նախիջևանի (իրականում` ՀՀ Արարատի մարզի.- Ա.Հ.) Քյարքի (Տիգրանաշեն) և Գազախ գյուղերի ազատագրում:
Համաձայն նույն աղբյուրի պնդման` Հայաստանը 2 շաբաթվա ընթացքում պետք է կատարի այս պարտավորությունները:
Խնդրում ենք ձեր պաշտոնական կայքերում ողջամիտ ժամկետում կետ առ կետ հերքել կամ հաստատել վերոնշյալ տեղեկությունները, ինչը չանելու դեպքում ձեր արձագանքի բացակայությունը մեր և, կարծում ենք, հանրության կողմից գնահատվելու է որպես իրականությանը վերոնշյալ տեղեկությունների համապատասխանության հաստատում:
Արթուր Հովհաննիսյան
Լուսանկարում` Տիգրանաշենը, կդառնա՞ այն Քյարքի…