Հայաստանում Հնդկաստանի դեսպանն այցելել է ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում հյուրընկալվել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին:

Համալսարանում ընթացող «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի ունկնդիրներին և ՊԱՀՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմին դեսպանը համառոտ ներկայացրել է Հնդկաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, ԶՈՒ կառուցվածքն ու խնդիրները, ռազմարդյունաբերության ոլորտում ձեռքբերումներն ու Հայաստանի հետ համագործակցության ներկա իրողություններն ու հեռանկարները:

Դեսպան Կիշան Դան Դեվալը պատասխանել է նաև ՊԱՀՀ ուսումնառողների և դասախոսական կազմի հարցերին:

Համալսարանի պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը բարձր է գնահատել հայ-հնդկական բարեկամական համագործակցությունը և համոզմունք հայտնել, որ ՊԱՀՀ-ի ներուժը ևս կնպաստի հարաբերությունների հետագա զարգացմանը: