Փաշինյանի «սև ցուցակը» կազմում են Ավինյանը, Թորոսյանն ու Հարությունյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»  թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ կառավարությունում ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի և նախկին նախարար, այժմ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանի դիրքերը ամրանում են: Այս երեք անձինք են ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մոտ մուտք ու ելք ունենում ու նրան զեկուցում երբեմն անցանկալի ինֆորմացիա: Կամաց-կամաց իշխանության ներսում այս թոփ եռյակի նկատմամբ լարվածություն է առաջանում:

Ըստ մեր տեղեկությունների՝ Ավինյան-Թորոսյան-Հարությունյան խումբը տարբեր անձանց մասին այնպիսի ինֆորմացիաներ է տվել վարչապետին, որ դրա արդյունքում մարդիկ կա՛մ ազատվել են աշխատանքից, կա՛մ հայտնվել ՀՀ վարչապետի սև ցուցակում` շարքային աշխատակիցներից սկսած՝ մինչև ամենաբարձր պաշտոն ունեցող անձինք: Վերջիններս մշտապես դժգոհում են տարբեր նախարարների աշխատանքներից, իսկ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, օրինակ, արդեն նրանց թիրախում է:

Եռյակը որևէ կապ չի պահում իշխանական խմբակցության պատգամավորների հետ, ու շատերը սև ցուցակներում են հայտնվել նաև պատգամավորներից: Խիստ մշուշոտ է այսօրվա լուծարված խորհրդարանի ներկայացուցիչների մեծամասնության ապագան»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։