«Լրագրողներ առանց սահմանների» և Amnesty International կազմակերպությունները Միջազգային քրեական դատարանին խնդրել են հետաքննել Իսրայելի «ռազմական հանցագործությունը»

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը և Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Միջազգային քրեական դատարանին խնդրել են որպես ռազմական հանցագործություն հետաքննել Իսրայելի կողմից «Ալ Ջալաա» շենքի պայթյունը, որտեղ տեղակայված են Al Jazeera և Associated Press լրատվականների գրասենյակները, հայտնում է Al Jazeera լրատվականը։

«Լրատվամիջոցների դիտավորյալ թիրախավորումը ռազմական հանցագործություն է: Իսրայելի պաշտպանության ուժերը դիտավորյալ հարվածով ոչ միայն անընդունելի նյութական վնաս են հասցրել լրատվականներին, այլ նաև խոչընդոտել են լրատվամիջոցների կողմից հակամարտության լուսաբանմանն ու ուղղակիորեն ազդել խաղաղ բնակչության վրա»,- հայտնել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության գլխավոր քարտուղար Քրիստոֆ Դելոիրը։

Ավելի վաղ պաղեստինա-իսրայելական հակամարտությանն էր անդրադարձել նաև Պակիստանի արտաքին գործերի նախարար Շահ Մեհմուդ Քուրեշին, որը Պաղեստինի դեսպան Ահմեդ Ջաուադին «իր խորին վիշտն ու ցավակցությունն էր հայտնել»՝ իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհված պաղեստինցիների համար և «կտրականապես» դատապարտել իսրայելական բանակի «շարունակական հարձակումները։

Պաղեստինցիների և իսրայելցիների միջև անցյալ շաբաթ սկսված բախումների հետևանքով պաղեստինյան կողմում զոհերի թիվը հասել է 192-ի, այդ թվում՝ 58 երեխա և 34 կին, իսկ իսրայելական կողմում զոհերի թիվը 10-ն է, այդ թվում՝ 2 երեխա։

Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը: Բախումների ընթացքում կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Իսրայելի բանակը հայտարարել է, որ ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի հետախուզության առանցքային դեմքերի, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության անվտանգության բաժնի ղեկավարին ու նրա տեղակալին: