Ամենակարևոր` Ղարաբաղը պահենք հայկական, դա իրականացնելու ենք ՌԴ խաղաղապահ ուժերի հետ․ ԱՀ նախագահ (տեսանյութ)

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 16-ին աշխատանքային այցով մեկնել է Շուշիի շրջանի Եղծահող, Մեծ Շեն, Հին Շեն և Լիսագոր համայնքներ և հանդիպումներ ունեցել բնակիչների հետ։ Այս մասին հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմը: Խոսելով անվտանգային խնդիրներից ու երաշխիքներից՝ Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ Պաշտպանության բանակը ու ՌԴ խաղաղապահ զորակազմն ապահովում են Արցախի ժողովրդի անվտանգությունը, իսկ ԱՀ տարածքային ամբողջականության վերականգնմանն ուղղված ջանքերը կետրոնացվելու են քաղաքական, այլ ոչ թե ռազմական տիրույթում։

«Ամենակարևորն այն է, որ Ղարաբաղը պահենք հայկական, սա է մեր անվտանգության խնդիրը: Մենք դա իրականացնելու ենք Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հետ: Մենք պետք է պատերազմը բացառենք և խաղաղ կյանքի ճանապարհը մեզ համար որպես ուղեցույց ունենանք, դա էլ անելու ենք: Այսօր պլան կկազմենք 10-15 հատ նոր տուն կառուցելու հնարավորության մասին, վերաբնակեցման մասին, առաջին հերթին Քաշաթաղի շրջանից սոցիալական երաշխիքներ ենք տրամադրում՝ մեղվափեթակ, անասնագլխաքանակ, այլ աջակցություն ևս, առնվազը 300-ից պակաս բնակչություն այս գյուղում պետք է չունենանք»,- նշել է ԱՀ նախագահը:

Անդրադառնալով սոցիալ-տնտեսական զարգացմանը՝ երկրի ղեկավարը շեշտել է, որ ռազմավարական նշանակություն ունեցող այդ համայնքների ու դրանց բնակիչների խնդիրների լուծումը գտնվում է ԱՀ կառավարության հատուկ ուշադրության կենտրոնում և այս ուղղությամբ արդեն իսկ նախատեսվում է իրականացնել մի շարք ծրագրեր։ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ մոտ ժամանակաշրջանում կլուծվի համայնքների խմելու ջրի հարցը, ինչպես նաև կմեկնարկի Գորիս – Ստեփանակերտ մայրուղուց դեպի Մեծ Շեն և Հին Շեն տանող ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները։ Խոսելով բնակարանաշինության և բնակարանային ապահովության ծրագրերի մասին՝ նախագահը նշել է, որ Կառավարությունը քայլեր է իրականացնում համայքներում առկա ազատ բնակֆոնդի գնահատման և առավելագույնս արդյունավետ օգտագործման համար։ Ա․ Հարությունյանի խոսքով՝ նշված համայնքերում նախատեսվում է նաև կառուցել նոր առանձնատներ՝ վերաբնակեցման և երիտասարդ ընտանիքներին բնակարաններով ապահովման ծրագրերի շրջանակներում՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործուն աջակցությամբ։

Այցի ընթացքում նախագահին ուղեկցում էին ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ Արարատ Մելքումյանը։