Այվազյանը և Լը Դրիանն ընդգծել են տարածաշրջանային անվտանգության ապահովման միջոցների ձեռնարկման հրամայականը

ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը մայիսի 16-ին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հեռախոսազրույցի առանցքային թեմաները եղել են Հայաստանի սահմանամերձ մարզերում ադրբեջանական զինված ուժերի հրահրմամբ ստեղծված իրադրությունն էր և լարվածության նվազեցման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Այս առնչությամբ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունների անթույլատրելիության վերաբերյալ Ֆրանսիայի սկզբունքային դիրքորոշումը:

Ըստ աղբյուրի՝ անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և այս ուղղությամբ կարևորվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ակտիվ դերակատարությունը:

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են նաև, որ Այվազյանը և Լը Դրիանը երկուստեք ընդգծել են տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովմանն ուղղված միջոցների ձեռնարկման հրամայականը։