ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել

Մայիսի 12-ին և 13-ին, «սահմանների ճշգրտման» պատրվակով ադրբեջանական ԶՈւ կողմից  Հայաստանի  Հանրապետության Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածների հանդեպ իրականացված ոտնձգություններից հետո ստեղծված իրադրությունը դեռևս չի փոփոխվել: Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Հայկական կողմը ադրբեջանական զինվորականներին ներկայացրել է իր հստակ պահանջը` առանց որևէ նախապայմանի ելման դիրքեր վերադառնալու վերաբերյալ:

Խնդիրը խաղաղ հանգուցալուծելու նպատակով դեռևս մայիսի 12-ից սկսված բանակցությունները կշարունակվեն վաղը:

Այսօր առավոտից համացանցում և տարբեր լրատվամիջոցներով շրջանառվող տեղեկությունները ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների առաջխաղացման նոր դեպքերի մասին չեն համապատասխանում իրականությանը:

Ադրբեջանական ստորաբաժանումները  մայիսին 13-ից հետո ոչ միայն առաջ չեն եկել, այլև, հայկական ԶՈւ գործողությունների արդյունքում ստիպված են եղել հեռանալ որոշ տարածքներից:

Եվս մեկ անգամ կոչ ենք անում ձեռնպահ մնալ չստուգված, առավել ևս կեղծ տեղեկություններ տարածելուց, մանավանդ այսպիսի զգայուն խնդիրների շուրջ:

Իրադրության ցանկացած զարգացման դեպքում Պաշտպանության նախարարությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ»,- նշվում է հայտարարության մեջ։