Արման Թաթոյանը առաջարկում է աջակցել ՀՀ ՄԻՊ-ին՝ անվտանգության գոտի ստեղծելու հայեցակարգի հարցով

Մեր երկրի բոլոր մարմիններին, միջազգային ատյանների պատվիրակություններում ընդգրկված պատգամավորներին, հասարակական-քաղաքական իրավասու կառույցներին ու մասնագետներին առաջարկում եմ աջակցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին` առաջ տանելու Ադրբեջանի հետ սահմանային բոլոր հատվածներով Սյունիքի և Գեղարքունիքի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու հայեցակարգը:

Այս առաջարկով դիմում եմ նաև մեր հզոր Սփյուռքի կառույցներին ու անհատներին:

Այդ նպատակի համար մենք կներկայացնենք անհրաժեշտ փաստեր ու հիմնավորումներ:

Անվտանգության գոտին անհրաժեշտ է ՀՀ սահմանային բնակիչների, մեր երկրի քաղաքացիների իրավունքների երաշխավորման համար:

Սյունիքի և Գեղարքունիքի գյուղերի հարևանությամբ, Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին ադրբեջանական զինվորականներ, դրոշներ ու ցուցանակներ չպետք է լինեն:

Մենք պետք է միասնական ջանքերով ու կոնկրետ քայլերով, միահամուռ ուժերով բոլորով միասին պայքարենք մեր առաջ կանգնած օրհասական մարտահրավերների դեմ, պայքարենք մեր իրավունքների ու մեր երկրի անվտանգության համար:

 

Արման Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան