Ասում ես՝ մենք զոհ չենք տվել, է զոհ չես տվել, նահանջի, թող գան մինչև Երևան․ Վազգեն Մանուկյան
«Հայրենիքի փրկության շարժման» խորհրդի նիստից հետո Վազգեն Մանուկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ որոշվել է հայտարարություն տարածել, որտեղ ներկայացված կլինեն շարժման մտահոգությունները․ «Ամեն օրը, որ այս իշխանությունը մնում է պետության գլխին, վտանգավոր է, ամեն կերպ պետք է փոխել այս իշխանությունը»,- նշեց Մանուկյանը։
ՀԱՊԿ-ին դիմելու վերաբերյալ Վազգեն Մանուկյանն ասաց, որ նիստի ժամանակ քննարկել են նաև ՀԱՊԿ-ի կանոնադրությունը․ «Եթե դու ինքդ քո երկիրը չես պաշտպանում, ոչ ոք քեզ չի պաշտպանի, 200 հոգի գալիս են, դու նահանջում ես, ասում ես մենք զոհ չենք տվել, է զոհ չես տվել, նահանջի, թող գան մինչև Երևան»։
Մանուկյանն ասաց, որ այս իրավիճակում պետք է դիմել միջազգային կառույցներին։
Ռազմական դրություն մտցնելու վերաբերյալ Մանուկյանը նշեց, որ եթե մտցնեն ռազմական դրություն, և այդ ռազմական դրության օրոք բանակը տանեն կանգնացնեն սահմանի վրա, ադրբեջանցիներին դուրս շպրտեն, այդ դեպքում ռազմական դրությունն արդարացված է, իսկ եթե ռազմական դրություն մտցվելու է, բայց ոչ մի բան չի արվելու, ուրեմն անիմաստ է։
Ինչ վերաբերում է տարածք տարածքի դիմաց տարբերակին, Մանուկյանն ասաց, որ բացառում է այդ մոտեցումը, որ աննորմալություն է Հայաստանի մի տարածքը Հայաստանի մեկ այլ տարածքի հետ փոխելը։