Ժողովրդին հանե՛ք ոտքի, տագնապ հնչեցրե՛ք, հայրենիք ենք կորցնում (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրերն են՝ բանասիրական գիտությունների թեկնածու, գրականագետ Սերժ Սրապիոնյանը և փիլիսոփայական գիտությունների թեկնածու Պարգև Բարսեղյանը։

Ադրբեջանը 3.5 կմ-ով ներխուժել է Հայաստանի ինքնիշխան Հանրապետության պետական սահմաններից ներս: Ալիևն ու Էրդողանը իրականացնում են Փաշինյանի հետ իրենց պայմանավորվածությունը՝ մինչև ընտրությունները Հայաստանը ծնկի բերել, թույլ չտալով բանակ վերստեղծել և ստանալ միջանցք Սյունիքով, տեր դառնալ Սյունիքի կարևորագույն դիրքերին, ապա՝ ամբողջ Սյունիքին:

Սերժ Սրապիոնյան․ «Եթե չտաք խաթրով՝ կտաք ուժով, Հայաստանի ԺՊ վարչապետը ուղիղ ասել էր Սյունիքում։ Երկրորդ կարծիք չկա, մարդը պայմանավորվել է իր «քարդաշի» հետ, գծել է սցենարը ու գնում են Սյունիքը տալու ճանապարհով։ ՀՀ-ում 200 հզոր տղա չէ՞ր գտնվելու, որ թույլ չտար թուրք ասկյարին մտնելու մեր երկրից ներս»։

Պարգև Բարսեղյան․ «Եթե դու քո տան տերը չես, հույսը դնում ես հարևանների ու բարեկամների վրա, բնականաբար, այդ տան բարիքներից օգտվելու են մյուսները, թե՛ Ալիևը, թե՛ Էրդողանը երբևէ չեն թաքցրել իրենց նկտումներն ու իրենց նկրտումները։ Ցավալին այն է, որ մենք հասել ենք մի վիճակի, երբ ոչ միայն պետական ինստիտուտները չեն աշխատում, այլև մեր ինքնապահպանական բնազդն ենք կորցրել»։

Սերժ Սրապիոնյան․ «30 տարի շարունակ այն ուժերը, որոնք իրենց համարում էին ընդդիմադիր, այսպես կոչված, այդ գլոբալիստներն անվերջ վարկաբեկեցին մեր նվաճումները։ Եվ Շուշին վերածվեց դժգույն, դժբախտ քաղաքի, ու մենք վերածվեցինք ագրեսորի։ Մեզ բերին հասցրին այս ամորձատված վիճակին»։

Սերժ Սրապիոնյան․ «Թշնամին եկել, մտել է երկրից ներս, մեզ ասում են՝ վտանգ չկա, ի՞նչ է եղել՝ 3,5 կմ ներս են մտել։ Այս մանկուրտ, անհիշողություն մարդկանց ուզում եմ հիշեցնել, երբ ապրիլյան պատերազմի ժամանակ կորցրեցինք 400 հա տարածք, տիեզերական աղմուկ բարձրացրին, մինչդեռ հիմա թշնամին մուղամ երգելով, խոտ ծամելով, 3,5 կմ-ով եկել-մտել է երկրից ներս ու մեզ ասում են՝ վտանգ չկա, մի անհանգստացեք»։

Պարգև Բարսեղյան․ «Մեծ ծրագիր է մշակված ու իրագործվում մեր դեմ, մեր ինքնապաշտպանական բնազդը թմբիրի մեջ է ու չենք կարողանում այս ծրագրի դեմն առնել։ Նորմալ երկրում սահմանապահ զորքերի համանատարը, Գլխավոր շտաբի պետը հրաժարական կտային, եթե չեն կարողանում թշնամու դեմն առնել»։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում։