Երբեմն չգիտեմ, թե էլ ինչպես զգուշացնեմ սպասվող արհավիրքի մասին․ Վարուժան Գեղամյան

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Նկարում Թուրքիայի Զինված ուժերն են, Սիրիայի միջազգայնորեն ճանաչված սահմաններից 20 կմ խորքում գտնվող Աֆրին քաղաքի Ազատության հրապարակում։

Ներխուժման պաշտոնական հիմնավորումը «տարածաշրջանի ժողովուրդներին տեղի քրդական զինյալների ճնշումներից և բռնությունից փրկելն» էր։

2018թ. մարտից Աֆրին քաղաքը գրավված է Թուրքիայի կողմից։ Այնտեղ գործում է տեղական թուրքական իշխանություն, իսկ քաղաքի տեղաբնիկ քրդերի մեծագույն մասը գաղթել է։

Անցել է 3 տարի ու գրեթե ոչ մի պետություն չի վիճարկում Թուրքիայի իրավունքները Սիրիայի միջազգայնորեն ճանաչված տարածքում։

Իսկ այն կշտամբանքներին, թե Թուրքիան ծավալապաշտական քաղաքականություն է վարում, այդ երկրի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը բառացիորեն պատասխանում է. «Մեզ ասում են ծավալապաշտ։ Թո՛ղ նայեն 1821-2020 թթ. քարտեզին»՝ փաստացի ակնարկելով, որ Թուրքիան ընդամենը վերականգնում է այն, ինչ կորցրել Օսմանյան կայսրությունը 1821-ից սկսած։

Երեք օր է՝ Ադրբեջանը, Թուրքիայի համաձայնությամբ և համակարգմամբ, ավելի քան 3 կմ-ով մտել է արդեն Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք, իսկ մեր պաշտպանությունը կազմակերպում է տգետ ու անհայրենիք կապիտուլյանտը, ով պատրաստ է զիջել Թուրքիային և Ադրբեջանին ամեն բան՝ սեփական իշխանությունը պահելու համար։

Երբեմն չգիտեմ, թե էլ ինչպես զգուշացնեմ սպասվող արհավիրքի մասին»։

#հակաՀայաստան #սյունիքիսպառնալիքը #սարդարապատ2