Փաշինյանը Պուտինից օգնություն չի խնդրել Սյունիքի մարզում տիրող իրավիճակի հետ կապված. Պեսկով

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ուրբաթ օրը կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ չի քննարկել Ադրբեջանի և Հայաստանի սահմանին տիրող իրավիճակի հետ կապված Մոսկվայի օգնության թեման: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Ոչ, Փաշինյանը օգնություն չի խնդրել: Իհարկե, հայկական կողմը ծայրաստիճան անհանգստություն է հայտնել սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ: Այս մտահոգությունը կիսում է նաև նախագահ Պուտինը: Եվ նախագահ Պուտինը շեշտել է եռակողմ համաձայնագրերի բոլոր դրույթների կատարման անհրաժեշտությունը: Առաջին հերթին այս դրույթը, որը խոսում է հրադադարի ռեժիմի անհրաժեշտության մասին»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով այն հարցին, թե Պուտինը և Փաշինյանը քննարկե՞լ են ռազմական համագործակցության ընդլայնումը: