Ո՞ւմ համար են քարոզարշավ անում, եթե վաղը մենք երկիր չենք ունենալու, մեր սահմանները հանձնում ենք․ Թագուհի Թովմասյան

Ադրբեջանցիներն առաջ են եկել ու շարունակում են մնալ այն դիրքերում, որտեղ դիրքավորվել էին։ Ինչպես Սյունիքում, այնպես էլ Գեղարքունիքում ադրբեջանցիները հատել են ՀՀ պետական սահմանը՝ առանց զինված հարձակման, կրակոցի։ Նրանք ոտնձգություն են իրականացնում սուվերեն երկրի պետական սահմանի նկատմամբ, ու մենք դեռ որևէ գործողություն չենք իրականացնում։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Նա հիշեցրեց՝ 2 շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանին ԱԺ-ում հարց է ուղղել սահմանների կահավորման, խրամատների մասին, ինչին ստացել է ագրեսիվ պատասխան, իրեն էլ մեղադրել են, թե ադրբեջանցիներին տեղեկություններ է տալիս ՀՀ սահմաններին կատարվողի մասին։

«Ադրբեջանական զինուժը մի քանի մետր հեռավորության վրա է գտնվում ՀՀ ԶՈւ ներկայացուցիչներից, և որևէ մեկին որևէ ինֆորմացիա պետք չէ տալ, նրանք տեսնում են՝ ունե՞նք խրամատ, թե չունենք։ Հիմա ուզում եմ նույն հարցը բարձրաձայնել՝ ինչպես է ստացվել, որ անզեն թշնամին մտել է ՀՀ տարածք, ինչո՞ւ մենք չենք կարողացել պաշտպանվել»,-ասաց նա՝ ընդգծելով, թե կես տարի ժամանակ է եղել սահմանների կահավորման համար։

«Մեր առաջնային խնդիրն ընտրությունները չեն, որ այսօր քարոզարշավ են անում, ցուցակ գրում-ջնջում։ Ո՞ւմ համար եք քարոզարշավ անում, եթե վաղը մենք երկիր չենք ունենալու, մեր սահմանները հանձնում ենք։ Իսկ ինչով են զբաղված ՀՀ-ում և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը՝ զբաղված են իրենց քաղաքական ապագան կառուցելով, բայց որ երկրում՝ չեմ հասկանում»,-նշեց պատգամավորը։

Անդրադառնալով ԱԽ քարտուղարի այն հայտարարությանը, թե ձյուն է եղել, չեն կարողացել կահավորել սահմանները, Թովմասյանն արձագանքեց․«Ձյունը վաղուց է հալվել, իսկ ինչո՞ւ ադրբեջանական զինուժն այդ նույն եղանակային պայմաններում կարողանում է, օրինակ, Տեղ համայնքի մոտ խրամատներ փորել, բայց մենք չենք կարողանում։ Մենք ինչո՞ւ ենք այսքան մոռացել առաջնագծի մասին»,-ասաց նա՝ հավելելով․

«Վարչապետն ասում է՝ ոչինչ, կանենք, բայց երբ կանենք, ադրբեջանցիները մտել են մեր տուն, մեր Վարդենիսի սարի տակ այս պահին դիրքավորված են, առաջ գալու հանդգնություն էլ ունեն, և որևէ դիմադրության չեն հանդիպում»,-նշեց Թովմասյանը։

Պատգամավորն ընդգծեց, որ խիստ անհրաժեշտ է, որ ԱԺ արտահերթ նիստ հրավիրվի, որի ընթացքում քննարկվի սահմանին տիրող իրավիճակը, հասկանան՝ ովքեր են մեղավոր։

Թովմասյանը նշեց՝ իրենց մեղադրում են, թե բարձրաձայնում են Վարդենիսի սահմանի մասին, սակայն այդ մասին չեն խոսել 27 տարի շարունակ, ապա հիշեցրեց՝ Վարդենիսում Ադրբեջանի հետ սահման է ձևավորվել նոյեմբերի 9-ից հետո, երբ առանց մի կրակոցի Քարվաճառը հանձնվել է․ «Հիմա ինչ է ստացվում՝ մենք նոր առաջնագիծ ունենք, ու էլի նախկիննե՞րն են մեղավոր»,-ասաց պատգամավորը։

Նա նշեց, թե մտածել է՝ վաղուց պետք է ռազմական դրություն հայտարարել, որովհետև այն օրերին, երբ ՀՀ տարածքի նկատմամբ ոտնձգություն չի եղել, ռազմական դրությունը պահպանվել է, որ, Թովմասյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանը վարչապետի աթոռը պահպանի։

«Հիմա ՀՀ սահմանային անվտանգությունն իրապես վտանգված է, մեր սուվերեն պետության նկատմամբ իրականացվել է ոտնձգություն, ու մենք ռազմական դրություն չենք հայտարարում, տրամաբանությունը չեմ հասկանում։ Սրանից ավել ինչ պետք է լիներ, որ մենք համոզվեինք՝ ռազմական դրության անհրաժեշտություն կա»,-ասաց պատգամավորը։

Նա տեսակետ հայտնեց, թե ադրբեջանական գործողությունները մեծապես պայմանավորված են ՀՀ-ում առկա անկանոն վիճակով․ «Քանի մենք խառն ենք, իրար ենք ուտում, իրենք մի քիչ ընդլայնվում են, և ով լիներ թշնամի, նույնկերպ կվարվեր հենց այս փուլում»,-նշեց նա։

Նրա դիտարկմամբ՝ տիրող իրավիճակում թիվ մեկ պատասխանատուն ԳՇ պետ Արտակ Դավթյանն է։