Փաշինյանի աշխատակազմը թաքցրել է Մակրոնի՝ ՄԱԿ-ի ԱԽ-ի միջոցով հարցը լուծելու ցանկությունը. panorama.am

panorama.am-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:

Հեռախոսազրույցի վերաբերյալ հայկական կողմի հրապարակած պաշտոնական հաղորդագրությունն էականորեն տարբերվում է այն տեղեկատվությունից, որ հրապարակել է Ֆրանսիայի նախագահականը։
Մասնավորապես Փաշինյանի աշխատակազմը թաքցրել է Մակրոնի՝ տարածաշրջանում առկա լարվածությունը ՄԱԿ-ի ԱԽ-ի միջոցով լուծելու վերաբերյալ Ֆրանսիայի ցանկությունը։

Վարչապետի պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրության մեջ ասված է.

«Հայաստանի և Ֆրանսիայի առաջնորդները քննարկել են Սյունիքի մարզում ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու հետևանքով ստեղծված իրավիճակն ու այն հանգուցալուծելու քայլերը:

Ֆրանսիայի նախագահն իր զորակցություն է հայտնել Հայաստանի իշխանություններին ու հայ ժողովրդին՝ խնդիրը խաղաղ կարգավորելու գործում: Էմանուել Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի հավատարմությունը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ և ընդգծել է Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական զինված ուժերի անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահին մեր երկրի ու հայ ժողովրդի նկատմամբ մշտական ուշադրություն ցուցաբերելու և բարեկամական վերաբերմունք արտահայտելու համար:

Էմանուել Մակրոնն ընդգծել է, որ Ֆրանսիան պատրաստ է հետագայում ևս իր նպաստը բերել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների լուծմանը, մեր երկրի զարգացմանն ու առաջընթացին»»։