Ո՞ւմ է հուզում հայաթափման վտանգը․ «Առավոտ»

«Առավոտ»-ը գրում է․ «Վերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ հայտարարել է, որ Ղարաբաղյան հարցը փակված է, ավելին՝ Լեռնային Ղարաբաղ անունով միավոր Ադրբեջանում չկա, իսկ կարգավիճակի մասին խոսելն ընդհանրապես անիմաստ է: Ալիևը հեգնանքով նշել է նաև, որ եթե աշխարհում կան գործիչներ, որոնք ցանկանում են կարգավիճակ տալ Ադրբեջանում ապրող հայերին, ապա նա դեմ չէ՝ թող իրենց երկրներում լավ տեղ գտնեն այդ մարդկանց համար և ինքնավարություն, թեկուզ անկախություն շնորհեն նրանց: Բայց Ադրբեջանում դա տեղի չի ունենա: Պարզ է, որ դա ոչ այլ ինչ է, քան քաղաքական և հատկապես միջազգային ասպարեզում պատերազմի արդյունքների ամրապնդում: Եթե վերանանք էմոցիաներից, ապա պետք է ընդունենք, որ ցանկացած երկրի ցանկացած ղեկավար պատերազմում հաղթելուց հետո պետք է փորձի նույնն անել: Բայց կարևոր է մեկ այլ հարց. աշխարհի ազդեցիկ ուժերին հետաքրքրո՞ւմ է՝ արդյոք հայերը կապրեն Արցախից մնացած 3.3 հազար կիլոմետր տարածքում: (Կարծում եմ, պարզ է, չէ՞, որ Ադրբեջանի տիրապետության տակ այդ տարածքը հայաթափվելու է): Բացի Ռուսաստանից՝ այդ հարցը ոչ մեկին լրջորեն չի հուզում: Ռուսաստանն էլ, իր հերթին, այդ փոքրիկ (աշխարհաքաղաքական առումով) հողակտորն իր բնակչությամբ կարող է ծախել Թուրքիայի վրա շատ թանկ գնով, իսկ Թուրքիան, կարծում եմ, պատրաստ է դրա համար շատ բարձր գին վճարել: «Գին» ասելով, իհարկե, նկատի ունեմ ոչ միայն փողը՝ փոխհատուցումը կարող է լինել, օրինակ, Սիրիայում լուրջ զիջումների տեսքով: Արցախի վերջնական հայաթափումը (մի բան, որ չի հաջողվել անել դարերի ընթացքում) Թուրքիայի համար պատմական, ռազմավարական խնդիր է, որի համար այդ երկիրը կգնա նման քայլերի: Եվ դարձյալ հարց՝ իսկ ո՞րն է, այս ամենը հաշվի առնելով, հայկական կողմի դիրքորոշումը: Մեր ԱԳ նախարարությունը և վարչապետը երբեմն անում են հայտարարություններ, որ իրենք համաձայն չեն հարցը փակված լինելու պնդումների հետ, որ պետք է լինեն բանակցություններ, պետք է որոշվի Արցախի կարգավիճակը և այլն: Բայց իմ տպավորությունն այն է, որ նման հայտարարություններն արվում են «հավուր պատշաճի», իսկ իրականում մեր իշխանությունը համակերպվել է «դե-ֆակտո» ստեղծված իրավիճակի հետ և կենտրոնացած է մի խնդրի վրա՝ ինչպես, ինչպիսի «ֆռիկներով» կարելի է վերարտադրվել: Բայց ամենացավալին դա չէ: Ողբերգությունն այն է, որ հայաստանցիների մեծ մասը նույնպես հաշտվել է պարտության հետ: Փողոցում հանդիպած մարդիկ ինձ չեն հարցնում՝ «բա ի՞նչ եղավ մեր հայրենիքի այն մասի հետ, որտեղ առնվազն երեք հազար տարի հայեր էին ապրում»: Նրանք հարցնում են՝ «ո՞վ է անցնելու՝ Քոչարյա՞նը, թե՞ Նիկոլը»: