Թել Ավիվը գնդակոծելը մեզ համար նման է մեկ բաժակ ջուր խմելուն. ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը հայտարարել է, որ պատրաստ է շարունակել Իսրայելի ուղղությամբ հարվածները

Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման ֆոնին Գազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍ շարժման «Ալ-Քասամ բրիգադներ» ռազմական թևը հայտարարել է, որ պատրաստ է շարունակել հարվածներն Իսրայելի ուղղությամբ, նույնիսկ Երուսաղեմի հարցում «կարմիր գծեր չկան»: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» -ին:

«Մենք հարվածներ ենք հասցրել Թել Ավիվին, Երուսաղեմին, Դիմոնին և այլ քաղաքներին, և մենք դեռ բան ունենք առաջարկելու այս կռվում: Եթե գործը վերաբերում է Երուսաղեմին և Ալ Աքսա մզկիթին, ապա կարմիր գծեր չկան, և Թել Ավիվը գնդակոծելը մեզ համար նման է մեկ բաժակ ջուր խմելուն»,-ուղիղ եթերում ասել է «Ալ-Քասամ բրիգադների» ներկայացուցիչ Աբու Ուբայդան:

Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը: Բախումների սկզբից ի վեր Գազայի հատվածից ավելի քան 1600 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ: 850 հրթիռ հատել է Իսրայելի սահմանը, ևս 200-ը ընկել՝ Գազայի հատվածում: Բախումների ընթացքում կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Իսրայելի բանակը հայտարարել է, որ ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի հետախուզության հանգուցային դեմքերի, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության անվտանգության բաժնի ղեկավարին ու նրա տեղակալին: