Գործ ունենք ծաղկաքաղ, ընտրանքային մեղադրանքի հետ. Սերժ Սարգսյանի պաշտպաններ

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, շարունակվում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը:

Պաշտպանական կողմը հանդես եկավ միջնորդությամբ. «Դատարանից խնդրում ենք աջակցել պաշտպանության կողմին ձեռք բերելու անհրաժեշտ նյութեր, այն է՝ մեղադրանքի կողմից պահանջել և ստանալ, քրեական գործին կցել և պաշտպանության կողմին ծանոթանալու համար տրամադրել 2020 թվականի դեկտեմբերի 18 դրությամբ բոլոր նյութերի պատճեները»:

Սերժ Սարգսյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանն ասաց, որ կան փաստաթղթեր, որոնք գործում բացակայում են:

«Իմ գործընկերը հիմնավորեց, որ ընտրանքային կերպով որոշակի փաստաթղթեր վերցվել և դրվել են այն գործի մեջ, որը հիմա  ձեր և  մեր մոտ է, իսկ հիմնական քրեական գործում կան փաստաթղթեր, որոնց մենք չենք ծանոթանալ, դատարանը չի ծանոթացել:
Այս պայմաններում գործ ունենք ծաղկաքաղ, ընտրանքային մեղադրանքի հետ, որ վարույթ իրականացնող մարմինն ընտրանքային կարգով ինչ ուզել է, վերցրել ու դրել  է այն մյուս փաթեթում: Տեսնենք այն մյուս հինական փաթեթում ի՞նչ կա, որ վարույթ իրականացնող մարմինը չի դրել: Իսկ որ վարույթ իրականացնող մարմնի անբարեխղճությանը  մենք համոզված ենք, կասկածի տեղիք դա մեզ չի տալիս:

Խնդրում եմ բավարարել միջնորդությունը»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ըստ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի՝ «նա 2008թ ապրիլի 9-ից մինչև 2018թ ապրիլի 9-ը ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013թ հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489,160,310 ՀՀ դրամի հափշտակության կատարում»։