Ներկաների մեջ չկա՞ր մեկը, որ այդ պատահականության ականջին շշնջար, թե կատարված քայլով իրականում ինչ նպատակ է հետապնդում հակառակորդը

Երեկ ուշ երեկոյան տեղի ունեցած ՀՀ Անվտանգության խորհրդի նիստում անդրադառնալով Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում ստեղծված իրավիճակին, իրեն ՀՀ վարչապետի պաշտոնակատար հռչակած անձը մի շարք վիճելի այլ պարզաբանումներից բացի նշեց նաև, որ այդ գործողությամբ «…Ադրբեջանի զինված ուժերն (…) ըստ էության, փորձ են անում պարփակել Սև լիճը…» Հետաքրքիր է, ներկաների մեջ չկա՞ր մեկը, որ այդ պատահականության ականջին շշնջար, թե կատարված քայլով իրականում ինչ նպատակ է հետապնդում հակառակորդը և, այսպես դատարկաբանելու արդյունքում, ինչ հանգրվանի կարող է հասնել հայկական պետականությունը… Ախր հարևան, բայց ոչ բարեկամ երկրի ղեկավարը, գրեթե, աստծո ամեն օր բարձրաձայնում է «Զանգեզուրի միջանցքի» մասին (իրականում նկատի առնելով Սյունիքը մեր հայրենիքից օտարելը), իսկ երկիրը բռնազավթած ապիկար իշխանությունը ոչ միայն կատարվածը ներկայացնում է «Սև լճի պարփակում», այլև փորձում է իր լսարանին «մխիթարել» նրանով, «որ ադրբեջանական զինված ուժերի գործողությունները չեն զուգորդվել հրաձգային կամ որևէ այլ զենքի կիրառմամբ…» Այս ամենից հետո, արդեն չգիտեմ ինչպես որակել սրանց, գուցե՞ դուք գիտեք…

Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից