Երուսաղեմի հայ համայնքում չկան վիրավորներ, զոհեր կամ տեղահանվածներ. Հայոց պատրիարքարանի դիվանապետ

Վերջին օրերին Երուսաղեմում և Սուրբ Երկրում ստեղծված լարվածության հետևանքով հայ համայնքը ոչ մի վնաս չի կրել: Այս մասին հայտնում է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:

«Համայնքում չկան վիրավորներ, զոհեր կամ տեղահանվածներ: Հայկական թաղամասում խուճապի կամ վախի մթնոլորտ չի տիրում, միայն առկա է մտահոգություն, որը պայմանավորված է շարունակվող լարվածությամբ:

Այս օրերին կանոնավոր կերպով կատարվել են եկեղեցական բոլոր արարողությունները, կրթական հաստատություններում շարունակվել են դասընթացները: Պատրիարքությունում բոլոր գրասենյակները շարունակում են իրենց աշխատանքը:

Ակնկալում ենք, որ կողմերը բանակցության ճանապարհով արագ կհասնեն խնդրի հանգուցալուծման:
Մեր ցավակցությունն ենք հայտնում բոլոր զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում ենք արագ ապաքինում»,- գրել է Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը: