Ներկրվել է 14 հազար երկրորդ դեղաչափ «Սպուտնիկ V»

14 հազար երկրորդ դեղաչափ «Սպուտնիկ V»պատվաստանյութն այս գիշեր հասավ Հայաստան։ Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից ու ավելացնում, որ նույն պատվաստանյութի համապատասխան քանակի առաջին դեղաչափն արդեն իսկ բաշխված է առողջության առաջնային օղակին ու ռիսկի խմբերի քաղաքացիները ստանում են իրենց պատվաստումները։

ԱՆ-ից տեղեկացնում են, որ «Սպուտնիկ V» ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց` 18-ից 54 տարեկան բուժաշխատողների, 18-ից 54 տարեկան քրոնիկ հիվանդների, 18-ից 54 տարեկան սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար: Իսկ «ԱստրաԶենեկա»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում` ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:

Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը:

Միաժամանակ, գործում են նաև շարժական պատվաստումային խմբեր հանրային վայրերում. Երևանում` Հյուսիսային պողոտա, «Դալմա Գարդեն» մոլ և «Մեգամոլ» առևտրի կենտրոններ, Գյումրու Վարդանանց հրապարակ, Վանաձորի Հայքի հրապարակ, Դիլիջանի քաղաքապետարանի հարևանությամբ:

Կարող են պատվաստվել նաև Հայաստանում բնակվող օտարերկրյա քաղաքացիները: Պատվաստումներն անվճար են բոլորի համար: