Մահմուդ Ահմադինեժադը կմասնակցի հունիսին կայանալիք նախագահական ընտրություններին

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը կմասնակցի հունիսին կայանալիք նախագահական ընտրություններին: IRIB-ի փոխանցմամբ՝ Ահմադինեժադը համախոհների ուղեկցությամբ այցելել է ՆԳՆ առընթեր գրանցման կենտրոն, որտեղ լրացրել է գրանցման ձեւաթղթիկը:

Նշենք, որ 2016 թվականին գերագույն առաջնորդ Այաթոլա Ալի Խամենեին արգելել էր Ահմադինեժադին առաջադրվել նախագահի պաշտոնում, թեեւ այն ժամանակ նա, այնուամենայնիվ, գրանցվել էր: Ի վերջո, պահապան խորհուրդը որակազրկեց նրան:

Խամենեին ասում է, որ դեմ չի լինի որեւէ թեկնածուի առաջադրմանը՝ չնայած ընտրական խորհուրդը կարող է արգելափակել Ահմադինեժադի թեկնածությունը:

Մահմուդ Ահմադինեժադը պաշտոնավարել է 2005-ից 2013 թվականներին: Իրանի սահմանադրությունն արգելում է նախագահին երեք անգամ անընդմեջ պաշտոնավարել, սակայն 2013 թվականից Հասան Ռոհանիի նախագահ դառնալուց հետո Ահմադինեժադի համար հնարավորություն է ստեղծվել պայքարել այդ պաշտոնի համար: