Քաղաքացին քվեաթերթիկի վրա գրիչով որևէ նշում չի կատարելու․ ԿԸՀ-ն մանրամասներ է հայտնել

Հունիսի 20-ին արտահերթ ընտրություն նշանակելու նախագահի հրամանագրից հետո այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստ է գումարել, հաստատել ընտրական միջոցառումների ժամանակացույցը։

Քարոզարշավը պաշտոնապես կմեկնարկի հունիսի 7-ին ու կտևի 11 օր՝ հունիսի 18-ն էլ ներառյալ։ 19-ը լռության օր է։ Այս ընտրության ամենամեծ փոփոխությունը քվերաթերթիկի ձևի մեջ է եղել։ Երբ ապրիլի մեկին խորհրդարանն ընդունեց ռեյտինգային ցուցակներից հրաժարվելու ու մաքուր համամասնական ընտրակագին անցնելու նախագիծը, տարածքային ցուցակներ ասվածն այլևս վերացել են․ քաղաքացին քվեաթերթիկի վրա գրիչով որևէ նշում չի կատարելու։

Քաղաքացին ընտրելու է ոչ թե անձերին, այլ կուսակցությանը կամ դաշինքին։ Թե քանի քաղաքական ուժ կմտնի պայքարի մեջ, պարզ կդառնա առաջիկայում։ ԿԸՀ-ն ընտրական ցուցակները ընդունելու վերջնաժամկետ է սահմանել մայիսի 26-ը՝ երեկոյան ժամը 6-ը։ Առայժմ հստակ չեն նաև ընտրողների ցուցակները, առաջիկայում այն կներկայացնի ՀՀ Ոստիկանությունը։