Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին. Արարատ Միրզոյանը՝ լիտվացի խորհրդարանականներին

Լիտվայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում մայիսի 11-ին Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Լիտվայի Սեյմասի նախագահ Վիկտորյա Չմիլիտե-Նիլսենի և լիտվացի խորհրդարանականների հետ: Այս մասին տեղեկացնում է ԱԺ աշխատակազմը:

Ողջունելով Արարատ Միրզոյանին՝ Լիտվայի խորհրդարանի խոսնակը նշել է, որ մեծ ուրախությամբ է հյուրընկալում հայկական պատվիրակությանը՝ ընդգծելով, որ այս տարի լրանում է Հայաստանի և Լիտվայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Վիկտորյա Չմիլիտեն բարձր է գնահատել այս տարիների ընթացքում երկու երկրների միջև ձևավորված երկկողմ հարաբերությունները և ընդգծել դրանում երկու խորհրդարանների և մասնավորապես խորհրդարանական բարեկամական խմբերի ակտիվ համագործակցության դերը:

Շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ երկու երկրներն ունեն երկխոսության մեծ շրջանակ, որը հիմնված է ժողովրդավարական արժեքների վրա: Հայաստանի խորհրդարանի խոսնակը բարձր է գնահատել Լիտվայի աջակցությունը Հայաստանին համաճարակի դեմ պայքարում եւ երախտագիտություն հայտնել լիտվական կողմին Հայոց ցեղասպանության ճանաչման, ինչպես նաեւ այս տարի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություններին Լիտվայի բարձր մակարդակով մասնակցության համար:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակին՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ հրաժարվելով վերադարձնել հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց: Ի հավելումն դրա՝ Ադրբեջանի իշխանությունը շարունակում է հայատյացության իր քաղաքականությունը, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ արցախահայերը որևէ պարագայում չեն կարող անվտանգ ապրել այդ երկրի կազմում:

Սեյմասի նախագահը նշել է, որ Լիտվան շարունակում է անհանգստություն հայտնել ինչպես ռազմագերիների վերադարձի գործընթացի, այնպես էլ Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունների վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, ի թիվս որոնց` Արարատ Միրզոյանը տեղեկացրել է գործընկերներին Հայաստանում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ և հրավիրել այդ օրերին Հայաստանում իրականացնել դիտորդական առաքելություն: