Պարզապես տղամարդ եղեք, պարոնայք․ ԶԼՄ ներկայացուցիչներին

Համացանցի կեղծ օգտահաշիվների միջոցով ակտիվորեն մի նույնքան կեղծ լուր է տարածվում, թե «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանին իբր ինչ-որ տարածք է տրամադրվել Արշակունյաց փողոցում՝ շարժման աշխատանքների իրականացման համար։ Լուրն անհեթեթ է, ինչպես այն տարածողների նպատակները։ Մանիպուլյատիվ ու էժան հերթական քայլը։ Ապատեղեկատվությանը, ցավոք, տրվում են նաև որոշ ԶԼՄ ներկայացուցիչներ։ Դժվարանում եմ ասել՝ միտումնավոր է արվում, թե՝ ոչ։ Այսպես, դեռևս 2014 թվականին կառավարության կողմից որոշում էր կայացվել «Հայ ասպետ» հիմնադրամին տասը տարի ժամկետով տրամադրել Երևանի Էռնստ Թելմանի անվան դպրոցի տարածքից մի հատված՝ «Հայ ասպետ» կրթադաստիարակչական հեռուստանախագծի տաղավարը կառուցելու և հաղորդումը նկարահանելու համար։ Կարին Տոնոյանի հեղինակած «Հայ ասպետ» հեռուստահաղորդմանը մասնակցած 11․000 երեխաները լավ գիտեն դպրոցի հասցեն։ 2018 թվականի իշխանափոխությունից հետո ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանի կողմից որոշում է կայացվում փակել խաղը՝ ազգայինը մերժելու նպատակով։ Հեռուստանախագծի պետական ֆինանսավորումը դադարեցվում է, նախագիծը դադարում է։ Չնայած, տարածքը «Հայ ասպետ» հիմնադրամին էր հանձնվել մինչև 2024 թվականը, 2019 թվականին Կարին Տոնոյանը որոշում է կայացնում հանձնել տարածքը՝ խնդրելով հիմնադրամին թողնել դպրոցի երկու մեծ սրահները՝ հետագայում այլ հեռուստանախագիծ պատրաստելու և նախագծի տեխնիկական սարքավորումները և «Հայ ասպետ»-ի մանկապատանեկան ճամբարի գույքը պահեստավորելու համար։ Կառավարությունը դեռևս 2019-ի աշնանը ստացած նամակին այդպես էլ չի պատասխանում։ Ըստ շրջանառվող լուրերի՝ տարիներ առաջ ուղղված դիմումի պատասխանը վերջերս քննարկվել է կառավարության ներսում ու որոշում է կայացվել պատասխանել մոռացված դիմումին ու բավարարել այն։ Սակայն «Հայ ասպետ» հիմնադրամի տնօրեն Կարին Տոնոյանը մինչ օրս որևէ պաշտոնական պատասխան կառավարությունից չի ստացել։ Նման որոշման մասին զարմանալիորեն ավելի շուտ են տեղեկացվում հայտնի կեղծ օգտահաշիվներ վարողները, այլ ոչ հենց ինքը՝ Կարին Տոնոյանը։ Պարզ է, որ նման արտահոսքը հստակ միտում ունի։ Եթե Արշակունյաց փողոցում գտնվող դպրոցում «Հայ ասպետ» հիմնադրամին տարածք տրամադրելու որոշումն իրականություն է, ապա դա անարժեք փորձ է կապել «5165» շարժումն իշխանության հետ՝ կոտրելու հավատը շարժման նկատմամբ։ Ինչպես որոշ «ընդդիմադիրներ», այնպես էլ իշխանությունը, վախեր ունեն շարժման հանդեպ։ Գործի են դրվում բացարձակապես բոլոր կեղտոտ գործիքները (կեղծ էջեր, կեղծ թեզեր, ապատեղեկատվություն)՝ դաշտը երկբևեռ դարձնելու և այլ գործիչների մուտքը արգելափակելու համար։ Մենք դատապարտում ենք նման աշխատաոճը, կոչ ենք անում չբավարարված քաղաքական ամբիցիաներով որոշ գործիչներին զսպել սեփական վախերն ու հերոսածին կնոջ անվան հետ որևէ կեղծ բան կապելիս տղամարդկություն գտնել և բացերես դուրս գալ երկխոսության։ «5165» շարժումը որևէ անձի կամ ուժի հետ կեղծ օրակարգերով կապել չի՛ հաջողվելու։ Պարզապես տղամարդ եղեք, պարոնայք։ Վերջում նշեմ, որ «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը պատրաստ է պատասխանել հանրությանը հուզող բոլոր հարցերին, հարցազրույց տալ ցանկացած լրատվամիջոցի՝ ցանկացած ֆորմատում։

«5165» շարժում