Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Հայաստան ժամանած պատվիրակության անդամներ ՖԽՎ Եվրոպայի տարածաշրջանի առաքելության ղեկավար Ժան-Շառլ Լուպերտոն, Ֆրանսիայի պատգամավոր Սոֆի Մետը, Կատալոնիայի պատգամավոր Աուրորա Մադաուլան, Կամերունի պատգամավոր Ջոշուա Օսիհը, ՖԽՎ գլխավոր վարչական քարտուղար Էմանուել Մորին ու ՖԽՎ-ի Եվրոպայի տարածաշրջանի խորհրդական Ֆատմիր Լեչին վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հովհաննես Իգիթյանի, պատվիրակության անդամներ Արման Եղոյանի, Արուսյակ Ջուլհակյանի, Սոնա Ղազարյանի ուղեկցությամբ մայիսի 11-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

ԱԺ-ից հայտնում են, որ պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել են Սուրբ նահատակների հիշատակը:

Հյուրերը եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել 20-րդ դարի արհավիրքը հավաստող վավերագրերին եւ փաստաթղթերին: