Չիրականացված 15 կետ․ Փաշինյանի ներկայացրած ճանապարհային քարտեզի հետքերով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2020 թվականի նոյեմբերի 18-ին ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր 15 կետից բաղկացած ճանապարհային քարտեզ, որտեղ նշել էր, որ իր կառավարությունն այս 6 ամիսներին զբաղված է լինելու դրանց իրագործմամբ: Ավելին՝ Փաշինյանը նշել էր, թե հունիսին ինքը հանդես կգա ճանապարհային քարտեզի իրագործման հաշվետվությամբ:

«Ժողովուրդ» օրաթերթի՝ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ այս օրերին գործադիր մարմինը փորձում է այդ կետերի իրագործման հետ կապված քայլերն ամփոփել, քանի որ Փաշինյանը պատրաստվում է առաջիկա նախընտրական քարոզարշավի ժամանակ դրանք ներկայացնել ու հայտարարել, որ իրենք ինչ խոստանում են, դա անում են:

Ու նաև դա է եղել պատճառը, որ մայիսի 6-7-ի գիշերները ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը արտահերթ նիստեր հրավիրեց ու արագ-արագ անցկացրեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները (ճանապարհային քարտեզում ԸՕ-ի փոփոխությունը ևս ներառված է եղել): Բայց հայրենի կառավարությունը դժվարին կացության մեջ է այն բանի համար, որ այդ նույն ճանապարհային քարտեզում առկա են այնպիսի կետեր, որ առաջիա օրերին անհնարին է իրագործել, որպեսզի Փաշինյանը կարողանա հայտարարել, թե իրենք ճանապարհային քարտեզը կյանքի են կոչել, ինչի համար էլ գնում են ԱԺ արտահերթ ընտրությունների:

Նույն ճանապարհային քարտեզում նշված էր գերեվարված զինվորականների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձ, որը չի կատարվել, տնտեսական ակտիվության վերականգնում, Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով՝ Արցախի կարգավիճակի և իրենց բնակության վայրեր արցախցիների վերադարձի հարցի առաջնահերթության ընդգծմամբ, Զինված ուժերում բարեփոխումներ և այլն: Այս ամենը որևէ ձևով 44-օրյա պատերազմի ավարտից հետո իրականություն չեն դառնում: Ու, ըստ մեր տեղեկությունների, Փաշինյանի թիմը լծված է այս ճանապարհային քարտեզը ներկայացնել այնպես, իբրև թե 15 կետն էլ իրենք կարողացել են իրականացնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում